Քայլերն ուղղված են մրցունակության բարձրացմանը
2009-06-05
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի /Այռեքսի/ տնօրեն Արինա Զոհրաբյանին: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ կարևորում է խորհրդի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը և դրանց արդյունավետության աստիճանը: «Մեզ շատ հետաքրքրիր է, թե որքանով են կրթաթոշակային ծրագրով արտասահմանում սովորած ուսանողների գիտելիքները պահանջված մեր շուկայում, և որքանով են նրանք նպաստում մեզանում մրցունակության բարձրացմանը»-ընդգծեց նախարարը:
Արինա Զոհրաբյանը ներկայացրեց 1992 թվականից ի վեր Հայաստանում գործող Այռեքս կազմակերպության կողմից իրականացված կրթական ծրագրերը: Նա կարևորեց ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի և Այռեքսի կազմակերպության կողմից իրականացված Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է Հայաստանի շուրջ 10 հազար ուսուցիչ: Հյուրն անդրադարձավ նաև Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային /Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ/ և Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս հայ երիտասարդներին իրենց ուսումնառությունը շարունակել ԱՄՆ-ում: Ա. Զոհրաբյանը նախարարին ներկայացրեց նաև Այռեքս կազմակերպության կողմից իրականացվող «Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիրը» (ՀԿԱԾ), որի նպատակն է նպաստել ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի մի շարք համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը:
Քննարկվեցին նաև կրթական ոլորտում միջպետական հարաբերությունների բարելավմանն ուղղված նորմատիվ իրավական դաշտի հստակեցման հետ կապված խնդիրներ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հանդիպում կրթաթոշակային ծրագրերով արտասահմանում ուսումնառություն ստացած հայ երիտասարդների հետ` նրանց խնդիրներին և նպատակներին ամբողջական ծանաոթանալու նպատակով: