Երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին

2009-06-05

Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակության հետ` երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի և թիմի ղեկավար Խուան Մանուել Մորենոյի գլխավորությամբ: Հանդիպման թեման «Կրթության որակ և համապատասխանության» ծրագրով սահմանված զարգացման նպատակների իրագործումն էր:

Ողջունելով հյուրերին` կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ հստակ խնդիր է դրված բարելավել կրթության  որակն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: «Կրթությունը ռազմավարական ոլորտ է, և չափազանց կարևոր է այստեղ ներդրումներ կատարելը, իսկ պետությունը հետամուտ կլինի, որպեսզի այդ ներդրումներն ունենան ցանկալի արդյունք»,- նշեց նախարարը:
Խուան Մանուել Մորենոն նշեց, որ Երևանում գտնվող պատվիրակությունը կպատրաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագիր, որի խնդիրներից մեկը կրթության և գիտության նախարարությունում մրցակցային հիմնադրամի ստեղծումն է:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստան կատարած այցի նպատակը «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի առաջին փուլի  արդյունքների ուսումնասիրումն է:
«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի  սեպտեմբերին` ուսումնական տարվա սկզբին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։