«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի ընթացքը

2010-01-21

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տաշերսիոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընացքում քննարկվեցին «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի իրականացման մանրամասներ: Համաձայն վարկային ծրագրի` հիմնական ներդրումները նախատեսված են նախադպրոցական  և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտներում:

Այս համատեքստում Համաշխարհային բանկի փորձագետներին հետաքրքրում էր նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքների և բարձրագույն կրթության ոլորտում կրթության որակի ապահովման համապատասխան չափորոշիչների /ստանդարտների/ մշակման ընթացքը: Նախարարի տեղակալը, անդրադառնալով նախադպրոցական կրթության օրենսդրական փաթեթի մշակմանը, նշեց, որ նախադպրոցական կրթության բաղադրիչը հանդիսանում է նախարարության գործունեության գերակայություններից մեկը, և պատահական չէ այդ բաղադրիչի ներառումը վարկային ծրագրում: Նշվեց, որ օրենսդրական փաթեթի ձևավորման գործընթացում նախարարությունն առաջնորդվել է երկու ուղղությամբ` բյուջետային հատկացումները տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ նախադպրոցական հիմնարկները դիտարկել որպես հանրակրթության համակարգի բաղադրիչ, և ֆինանսավորումն իրականացնել այդ ուղղությամբ: Ըստ այդմ, ֆինանսավորումը կլինի աշակերտ-երեխա թվով` որոշակի մաս թողնելով համայնքի կամ ծնողի վրա: Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը հակված է այս խնդրում դիտարկել երկու ուղղությունների համալիր մոդելը, քանի որ շատ համայնքներում բացակայում են նախադպրոցական հաստատություններ, իսկ հանրակրթական դպրոցներում կան ազատ տարածքներ: Ա. Ավետիսյանը նշեց, որ օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կներկայացվի հաստատման, իսկ սեպտեմբերին նախատեսվում է գործնական քայլեր կատարել այդ ուղղությամբ: «Իհարկե, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ ողջ գործընթացը կազմակերպել, որովհետև ոչ բոլոր նախադպրոցական հաստատություններն ունեն նույն պատրաստվածությունը, սակայն, համոզված եմ, որ ծրագրի մեկնարկը նոր խթան կհանդիսանա տեղական ինքնակառավարման մարմինների համար»,-նշեց փոխնախարարը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին`  Ա. Ավետիսյանը նշեց, որ պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացը կմեկնարկի 2011 թվականին: Այս տարի կընթանան որոշակի նախապատրաստական աշխատանքներ` որակի ապահովման քաղաքականության ստանդարտների փորձարարական ծրագրի ուղղությամբ, որն, իհարկե, չի կարելի դիտարկել որպես ամբողջական փորձարկում, բայց հնարավորություն կտա առավել արդյունավետ գնահատել համակարգը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև եվրոպական երկրների փորձի օգտագործման, փորձագիտական խմբերի ներգրավման, ինչպես նաև մրցակցային հիմնադրամի ներդրման խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։