Հաղթողը կմեկնի Ստրասբուրգ

2009-06-01

Եվրոպայի Խորհրդի 60-ամյակի կապակցությամբ անդամ երկրներում կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր  «ԻնչպիսիՎն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում» թեմայով շարադրությունների մրցույթ, որի հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հունիսի 1-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, շնորհավորելով մրցույթի հաղթողներին և նրանց ծնողներին, մասնավորապես ասաց. «Եվրախորհուրդը որպես քաղաքական ինստիտուտ ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում: Կրթության և գիտության ոլորտում մեր երկիրն այսօր եվրաինտեգրման ճանապարհն է բռնել: Քաղաքացիական հասարակության ձևավորման նպատակով քաղաքացու կրթությունը պետք է սկսել հնարավորինս վաղ փուլում: Այս մրցույթը նման հասարակության կերտման քայլերից մեկն է»: Նախարարը նշեց, որ  10-18 տարեկան երիտասարդների շրջանում անցկացված մրցույթի արդյունքում եղել են փայլուն աշխատանքներ: Նա հույս հայտնեց, որ ապագայում  ևս կկազմակերպվեն նման մրցույթներ` այս անգամ արդեն որպես գերնպատակ ունենալով ՀՀ քաղաքացու տեսլականը հայաստանցու աչքերով: «Մի մոռացեք, որ դուք ՀՀ քաղաքացի եք, և հպարտության այդ զգացողությունը պետք է ուղեկցի Ձեզ ողջ կյանքում», -դիմելով աշակերտներին ` նշեց նախարարը:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհենը գոհունակությամբ նշեց, որ այս մրցույթը մեծ ոգևորություն է առաջացրել դպրոցականների շրջանում, որի վառ ապացույցն այսօր մեծաթիվ աշակերտների և նրանց ծնողների ներկայությունն է այստեղ:
Մրցութային հանձնաժողովը երեք տարիքային  խմբերում /10-13, 14-16 և 17-18/ ընտրել էր մեկական շարադրություն, որոնց հեղինակները նախարարի և Եվրախորհրդի ներկայացուցչի կողմից պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով: Համապատասխանաբար պարգևատրվեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Միջմշակութային հաղորդակցության» ֆակուլտետի ուսանող Արծրուն  Խանջյանը /17տ./, Աբովյան քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովհաննիսյանը /15տ./, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ. Պողոսյանի N 2 միջն դպրոց աշակերտուհի Մարիետա Գևորգյան /12 տ./:
Մրցութային հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան նաև 10-ամյա Մենուա Սահակյանը` «Մրցույթի ամենակրտսեր մասնակից» և 15-ամյա Կարեն Գրիգորյանը` «Թեմայի ինքնատիպ մատուցում» անվանակարգերում: Հաղթողներին մրացանակներ հանձնեց նաև «Մայքրոսոֆթ» ընկերությունը: Մրցույթի հաղթողը Եվրոպայի Խորհրդի կողմից կպարգևատրվի նաև դիպլոմով, որը ստանալու համար նա կհրավիրվի Ստրասբուրգ` մասնակցելու 2009 թվականի հոկտեմբերի 1-ին ԵԽ  60-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։