Քննությունների մեկնարկին մնաց վեց օր
2009-05-27
Ավարտական և միասնական քննությունների նախաշեմին Գնահատման և թեստավորման կենտրոնում այսօր տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը նշեց, որ ԳԹԿ-ն կատարել է նախորդ տարիների քննությունների ընթացքի և արդյունքների վերլուծություն և, ըստ այդմ, այս տարի փորձ է արվել շտկել արձանագրված բոլոր թերությունները: Մ. Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց այս տարի նախատեսվող մի շարք փոփոխությունների մասին:
Ի տարբերություն նախորդ տարվա` ավարտական և միասնական քննություններն անցկացվելու են տարբեր օրեր. ավարտական քննությունները հաջորդելու են միասնականին` գործընթացն առավել արդյունավետ ու համակարգված դարձնելու նպատակով: Այս տարի փոխվել են նաև դիմորդների դիմում-հայտերի ընդունման ժամկետները. դիմումներն ընդունվում են մայիսի 11-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ: Մյուս փոփոխությունը, որին անդրադարձավ Մ. Մկրտչյանը, «Մաթեմատիկա» առարկայի քննության տևողության կրճատումն է. նախորդ տարվա փորձն ապացուցել է , որ քննության համար նախատեսված երեք ժամը լիովին բավարարում է դիմորդներին: Այս տարի բոլոր քննությունների համար սահմանվել է 3 ժամ, իսկ օտար լեզուների համար` 2.5 ժամ: Նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ ուժի մեջ է անցյալ տարվա գնահատականը, սակայն կան վերահանձնելու ցանկություն արտահայտած դիմորդներ: Մ. Մկրտչյանը ներկայացրեց նաև տեղեկություններ միասնական քննություններ հանձնողների ընդհանուր թվի և քննական կենտրոնների վերաբերյալ:Ասուլիսի վերջում հրապարակվեց ավարտական և միասնական քննությունների անցկացման ժամանակացույցը: