Ուսանողական ստուգատես «Նորաձևություն–2009»
2009-05-26
Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին հանրությանը ներկայանալ ուսանողների հեղինակային աշխատանքներով: Մայիսի 25-ին Հ. Պարոնյանի անվան պետական թատրոնում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կազմակերպել էր «Նորաձևություն-2009» միջոցառումը, որն այս անգամ նվիրված էր ուսումնական հաստատության հիմնադրման 80-ամյակին: Ստուգատես-մրցույթին ուսանողներն իրենց աշխատանքները ներկայացրել էին չորս անվանակարգերում՝ ավանգարդ, ամենօրյա, կոկտեյլ և երեկոյան: Մասնակցում էր 105 ուսանող ավելի քան 140 աշխատանքով:
Ավանգարդ կամ «բարձր» նորաձևության նմուշների ստեղծման հարցում հեղինակները գտել էին հետաքրքիր լուծումներ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած առարկաներ ու պարագաներ՝ ալյումինե նրբաթիթեղ, փետուրներ, փաթեթավորման պարագաներ, մրգեր, քարեր և այլն: Քոլեջի ուսանողների ներկայացրած բոլոր նմուշները ստեղծվել են 2008-2009 ուսումնական տարվա ընթացքում:
Առանձին բաժնով ելույթ ունեցան նաև Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի տարբեր տարիների շրջանավարտները՝ արտադրության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ներդրած իրենց մոդելներով: