Ուրվագծվում են երկկողմանի համագործակցության հեռանկարներ
2009-05-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների պատվիրակությանը` Լևոն Ահարոնյանի և գլխավոր տնօրեն Միրղասեմ Մոմենիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի կառավարությունների միջև սերտ համագործակցությունը պայմանավորված է երկու երկրների ընդհանուր պատմությամբ և ձևավորված ավանդույթներով:
«Ձեր կազմակերպությունը մեծ առաքելություն ունի մեր երկու պետությունների միջև առաջանցիկ, ջերմ և սերտ հարաբերություններ հաստատելու, գիտակրթական ոլորտում նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: Ցավով պետք է նշել, որ միջպետական հարաբերություններն ավելի ջերմ են, քան հասարակությունների մերձեցումը, և մեր խնդիրն է` լրացնել այդ բացը»,- ընդգծեց նախարարը: Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` Իրանի հայ համայնքի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար և հավաստիացրեց, որ կա մեծ ներուժ և հասարակական պահանջարկ` կրթության ոլորտում համագործակցության ապահովման համար:
Հյուրերը նշեցին, որ Հայաստանում սովորում են բազմաթիվ իրանցի ուսանողներ, որը հիմք է հանդիսանում կրթական և մշակութային կապերի հաստատման ու զարգացման համար: Նրանք անդրադարձան նաև իրանցի ուսանողների խնդիրներին:
Նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ առկա խնդիրների լուծման գործում մեծ դերակատարում կարող են ունենալ միջպետական իրավական փաստաթղթերը, որոնց գործողության ժամկետները լրացել են: Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կթարմացվեն և կնորացվեն համապատասխան համաձայնագրերը: Նախարարն անդրադարձավ նաև գիտության ոլորտում համագործակցության խնդիրներին` նշելով, որ համատեղ գիտական նախագծերը կրում են տարերային բնույթ: Իրանի և Հայաստանի միջև կա չօգտագործված գիտական մեծ ներուժ, և համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում կուրվագծվեն երկկողմանի համագործակցության հեռանկարներ` հաշվի առնելով երկու երկրների տնտեսության զարգացման հավակնությունները:
Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև համատեղ սեմինարների անցկացման և միջբուհական կապերի ընդլայնման հարցերը: Նախարարն առաջարկեց նաև տպագրել Հայաստանի և Իրանի գիտակրթական ծառայությունների մասին տարեկան պարբերական և նմանատիպ այլ ձեռնարկներ, որոնք շրջանավարտներին հնարավորություն կտան ծանոթանալ առաջարկվող ծառայություններին` ապահովելով ավելի բաց և թափանցիկ համագործակցության շրջանակներ: