Գնահատվեց երկարամյա գործունեությունը

2009-07-08

Երկարամյա մանկավարժական գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար, 85-ամյա հոբելյանի կապակցությամբ, Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի նախկին տնօրեն, 35 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Ասյա Խաչատրյանն այսօր պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Այդ կապակցությամբ Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի մի խումբ մանկավարժներ և նախկին շրջանավարտներ  հյուրընկալվել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Այդ դպրոցի նախկին սան,  նախարար Ա. Աշոտյանը, հանձնելով պարգևը, նշեց. «Երկար տարիներ զբաղեցնելով դպրոցի տնօրենի պատվաբեր պաշտոնը` Դուք կյանք եք ճանապարհել հազարավոր շրջանավարտների, որոնք այդ դպրոցում ստացել են ոչ միայն լավ գիտելիքներ, այլև առաջին հերթին դաստիարակվել են` որպես մեր հայրենիքին նվիրված, կարգապահ և պատասխանատու քաղաքացիներ: Պետության կողմից ընդունեք այս փոքր հուշամեդալը` մեր երկրի կրթական համակարգին մատուցած Ձեր մեծ ծառայությունների դիմաց»:
Շնորհակալություն հայտնելով իր աշխատանքն այսպիսի գնահատանքի արժանացնելու և բարձր պարգև շնորհելու համար` Ա. Խաչատրյանը նշեց, որ շատ հուզված է այս անակնկալից: «Ես շատ ուրախ եմ, որ գնահատվել է իմ` ուսուցչի համեստ աշխատանքը: Կարող եմ հավաստիացնել, որ իմ կյանքն իզուր չի անցել: Կրկնակի հաճելի է, որ այս պարգևը ստանում եմ մեր դպրոցի լավագույն աշակերտներից մեկի ձեռքից», -ընդգծեց հոբելյարը: Նա հավելեց, որ դպրոցի կայացման գործում ակնառու է ողջ մանկավարժական կոլեկտիվի դերն ու նշանակությունը, կոլեկտիվ, որն իր աշխատանքով միշտ եղել է դպրոցի հիմնասյունը, մանկավարժներ, որոնք իրենց կյանքի իմաստը տեսել են դպրոցի կայացման և բարգավաճման մեջ:
Դպրոցի նախկին շրջանավարտները ևս իրենց բարեմաղթանքի խոսքերն ուղղեցին իրենց տնօրենին: Նրանք նախարարին առաջարկեցին  բոլոր դպրոցներում ունենալ թանգարաններ, որոնք կապահովեն սերունդների միջև կապը` արմատավորելով ձևավորված ավանդույթներին հետամուտ լինելու գիտակցությունը:
Հանդիպման ավարտին դպրոցի նախկին շրջանավարտներն ու մանկավարժներն անկաշկանդ մթնոլորտում կիսվեցին անմոռաց հիշողություններով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։