Վերջին դասը վարեց ՀՀ ԿԳ նախարարը
2009-05-25
Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր տոն է` 2009 թվականի շրջանավարտների վերջին դասը: Այս առիթով ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այցելեց Էջմիածին քաղաքի թիվ 7 դպրոց: Շնորհավորելով շրջանավարտներին և մանկավարժներին տոնի կապակցությամբ` նախարարը նշեց.«Սիրելի շրջանավարտներ, անցումային այս ժամանակաշրջանում գիտելիքը հանդիսանում է հաջող ապագայի հիմնական գրավականը, այն պետք է լինի բարեկեցիկ կյանքի հիմնական սկզբնաղբյուրը: Վերջիվերջո, գալիս են ժամանակներ, երբ պետության հզորությունը չափվում է ոչ թե մեր փողոցներում երթևեկող թանկարժեք մեքենաների, այլ մանկական սայլակների թվով»:
Նախարարը ցավով արձանագրեց, որ առաջին դասարանցիներն այս դպրոցում փոքրաթիվ են. դպրոցն ունի երկու ավարտական և մեկ առաջին դասարան: Նա հույս հայտնեց, որ նրանց թիվը գնալով կմեծանա, իսկ ամուր ընտանիքը կհանդիսանա «որպես հասարակության և պետության սկզբնական ու ամենաամուր օղակը և բազում զավակները` որպես մեր փայլուն ապագայի երաշխիք»: «Ես ցանկանում եմ, որ դուք` որպես մասնագետ, քաղաքացի, մարդ, գիտակցեք կյանքում ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ փայլուն ապագա` խարսխված անձնական երջանկության, մասնագիտական հմտությունների և լավատեսության և բարու վրա»,-նշեց Ա. Աշոտյանը: Նախարարը շնորհավորեց նաև ուսուցչական կազմին, որը հպարտությամբ հերթական սերունդն է ճանապարհում կյանք:
Հանդիպման վերջում Ա. Աշոտյանը նշեց, որ այս այցն անմոռաց կլինի ոչ միայն ստացած տպավորությունների, այլև որպես ԿԳ նախարար ուսումնական հաստատություն իր առաջին այցելության առումով: