Գիտության զարգացումը` որպես գերակա խնդիր
2009-05-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ԱՄՆ քաղաքական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի ավագ փոխնախագահ Էրիկ Նավոտնու գլխավորությամբ: Նախարարը հյուրերին հավաստիացրեց, որ ՀՀ-ում իրականացվող գիտական ծրագրերին լուրջ աջակցություն ցուցաբերող հիմնադրամի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունն ունենալու է արդյունավետ շարունակություն: Ա. Աշոտյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց գիտության ոլորտում նախանշված մի շարք գերակա ուղղությունների վրա:
«Գիտելիքների հասանելիության և մատչելության, ինչպես նաև գիտության կառավարման հարցերը հանդիսանում են թիվ մեկ խնդիրը,- ընդգծեց նախարարը:- Դեռևս խորհրդային շրջանում սստեղծված հզոր գիտական ենթակառուցվածքներն այսօր ունեն արդիականացման խնդիր` դրանք համապատասխանեցնելով անկախ Հայաստանի պահանջներին և ինտեգրվելով միջազգային գիտական հանրությանը: Բազմակողմանի կապերի հաստատումը Հայաստանի և արտերկրի գիտնականների միջև լուրջ խթան կհանդիսանա նշված հարցերի լուծման համար»: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից կարևորվեց նաև գիտական կապերի թարմացման խնդիրը, որի լուծմանը մեծապես կնպաստի էլեկտրոնային գիտական գրադարանը:
Հիմնադրամի փոխնախագահ Էրիկ Նավոտնին հավաստիացրեց, որ իրենց համար առաջնահերթ է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացումը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը չորս մլն դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր է իրականացրել Հայաստանում գիտական նախագծերի զարգացման համար` ընդգծելով, որ ներդրումները կատարվել են ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Նախարարն անդրադարձավ նաև քննարկումների փուլում գտնվող մի շարք օրինագծերի, որոնք վերաբերում են շարունակական կրթության ապահովմանը և Գիտությունների ազգային ակադեմիային. դրանք իրավական հիմքեր կստեղծեն նոր ծրագրերի իրականացման համար: Ա. Աշոտյանը նշեց նաև բուհական ակադեմիական և գիտական ծրագրերի համադրման մասին, որոնք կնպաստեն համալսարանների` որպես գիտակրթական հզոր հաստատությունների կայացմանը: