Ամփոփվեցին «Կենգուրու 2009» մրցույթի արդյունքները

2009-05-22

«Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նախարարի  տեղակալ Ա. Ավետիսյանի և   «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դ. Սահակյանի մասնակցությամբ:  Ա. Ավետիսյանը նշեց, որ «Այբ» կրթական հիմնադրամի հետևողական աշխատանքի շնորհիվ, Հայաստանի համար ևս հասանելի դարձավ տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված «Կենգուրու» մրցույթը, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ:

«Այս մրցույթում հաղթել են մասնակից բոլոր երեխաները. որովհետև այն յուրաքանչյուր աշակերտի համար ինքնադրսևորման և ինքնագնահատման լավագույն ձևերից է: Մրցույթը նաև մաթեմատիկան առավել մատչելի դարձրեց մեր դպրոցականների համար` նրանց տալով տրամաբանական և վերլուծական մտածողություն զարգացնելու յուրօրինակ հնարավորություն»,-հավաստիացրեց փոխնախարարը:
Դ. Սահակյանն, իր հերթին, ներկայացրեց մրցույթի արդյունքները, այն է` 111 լավագույն արդյունք և 355 հատուկ մրցանակ (լավագույն արդյունքին մոտ արդյունքների համար): Նա նաև տեղեկացրեց, որ «Կենգուրու 2009»-ի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը: Որպես հաղթող` նա այս տարի կմեկնի «Kangourou Sans Frontieres» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից մեկում` Ռումինիայում, կազմակերպվող ամառային միջազգային ճամբար: «Այբ» կրթական հիմնադրամը որոշել է ևս երկու աշակերտի նման հնարավորություն տալ, և այդ նպատակով հունիս ամսին կազմակերպվելու է լրացուցիչ մրցույթ լավագույնների միջև:
«Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչը փաստեց, որ 478 դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած երեխաները ևս կարժանանան խրախուսանքի: «Կենգուրու 2009»-ի մրցույթի մասնակից բոլոր աշակերտներն ու դպրոցները կստանան հավաստագրեր, լավագույնները` նաև պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հատուկ մրցանակի արժանացածները` խրախուսական մրցանակներ:
Մայիսի 25-ից հունիսի 1-ը Հայաստանի բոլոր մարզերում, իսկ հունիսի 2-3-ը` Երևանում կանցկացվեն մրցանակների հանձման միջոցառումներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։