Համագործակցության նոր եզրեր

2009-05-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` տնօրեն Վարուդակիս Արիստոմենի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի աջակցությունը ՀՀ-ում իրականացվող գործընթացների, մասնավորապես, կրթական կարևորագույն խնդիրների լուծմանը միտված ծրագրերում: Նա հավաստիացրեց, որ համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և ապագայում այն կստանա որակական նոր դրսևորումներ:

 Նախարարը նշեց, որ հանրապետությունում բարեփոխումները սկսվել են անկախացումից ի վեր, և ինչպես կրթության, այնպես էլ որևէ այլ ոլորտում դեռևս վերջնական արդյունքներ չունենք: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ բոլոր գործընթացները կրթական համակարգում միտված են լինելու եվրոպական և միջազգային չափանիշների համապատասխանության ապահովմանը:
Վարուդակիս Արիստոմեն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի կրթական համակարգին ցուցաբերվող օգնությունն ունի երկու նպատակ` աջակցել Հայաստանին` մեղմացնելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը,  և երկրորդ` նպաստել, որ ՀՀ-ի կրթական համակարգը դառնա առավել մրցունակ և համակողմանի: Անդրադառնալով «Կրթության որակ  և համապատասխանություն» ծրագրին, որի շրջանակներում մասնագիտական վերապատրաստում են անցել հանրապետության բազմաթիվ մանկավարժներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների 85 տոկոսն ապահովվել է համապատասխան ուսումնական լաբորատորիաներով, դպրոցների 45 տոկոսին տրամադրվել է ինտերնետային կապ,  նա նշեց, որ գործողությունների այս երկրորդ փուլով նախատեսվում են ներդրումային այլ ծրագրեր, մասնավորապես, բարձրագույն կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական կրթության ոլորտի նոր ֆինանսավորման շրջանակներին միտված միջոցառումներ: Ծրագրի ընթացքում կբարելավվեն կրթօջախների շենքային պայմանները, կընդլայնվեն երեխաների ընդգրկվածության շրջանակները նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որն էլ, իր հերթին, կարևոր հիմք կհանդիսանա կրթական ողջ համակարգի զարգացման ու շարունակականության ապահովման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ծրագրերի իրականացման համար իրավական ու օրենսդրական փոփոխությունների հետ կապված խնդիրներ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։