Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում
2009-05-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վեր. դոկտոր Փոլ Հայդօսթեանի հետ: Ողջունելով հյուրին հայրենիքում` նախարարն անդրադարձ կատարեց Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին, այդ թվում` սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության տրամադրում, համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացում, ինչպես նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհերում:
Հայաստանում տարեցտարի սփյուռքահայ ուսանողների թվի ավելացումն ապացույց է, որ իրականացվող կրթական ծրագրերը լավագույնս ծառայում են իրենց նպատակին: Անդրադառնալով Հայկազյան համալսարանին` նախարարը նշեց, որ տպավորված է ուսումնական հաստատության բարձր վարկանիշով, և դրա վառ ապացուցը կրթօջախի 55-ամյա գործունեությունն է:
Փոլ Հայդօսթեանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, շեշտեց, որ սփյուռքահայ կրթօջախները պետք է գտնեն համագործակցության այն եզրերը, որոնք թույլ կտան ավելի գործնական կապեր հաստատել ՀՀ բուհերի հետ:
Նախարար Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ սփյուռքահայ գաղթօջախների բոլոր խնդիրները միշտ եղել են պետական կառույցների ուշադրության կենտրոնում, և հայագիտությունը թիվ մեկ հարթակն է գիտակրթական համագործակցության զարգացման: Նախարարը կոչ արեց սփյուռքահայ կրթօջախներին, ի դեմս Հայկազյան համալսարանի, սերտ կապեր հաստատել նաև Արցախի պետական համալսարանի հետ, որը համահայկական կրթական ցանցի կարևորագույն հանգույցներից է: Ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցությունը միջազգային գործընկերության տեսակետից առավել գնահատելի կլինի:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի դարձնել նախարարության և սփյուռքահայ տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հանդիպումները: