Հայ-գերմանական համագործակցություն

2009-05-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ գլխավոր քարտուղար Քրիստիան Բոդեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը: Ողջունելով հյուրերին` նորանշանակ ԿԳ նախարարը նշեց, որ միջազգային համագործակցությունը մեր երկրի որդեգրած պետական քաղաքականությունն է և չի կարող պայմանավորված լինել որևէ այլ գործոնով:

Հետևաբար, նախարարը վստահեցրեց, որ կրթության և գիտության ոլորտում շարունակվելու են հայ-գերմանական հարաբերություններում ձևավորված ավանդույթները` միաժամանակ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր: Ա. Աշոտյանն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աշխատանքների` մեր երկրում կրթության և գիտության նկատմամբ ցուցաբերած բացառիկ ուշադրության համար: «Մեր պետության ամենամեծ ռեսուրսը մարդկային կապիտալն է, և մենք պետք է անենք հնարավորը` այն առավել հզորացնելու և մեծացնելու ուղղությամբ»,-նշեց նախարարը:
Տիկին Անդրեա Վիկտորինը, շնորհավորելով նախարարին, հաջողություն մաղթեց նրան «բարդ առաքելության ճանապարհին»: Նա նշեց, որ ինքն առանձնակի ուշադրություն է դարձնում կթության ոլորտին` այն համարելով միջպետական համագործակցության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը: Տիկին դեսպանը հավաստիացրեց, որ «Արևելյան գործընկերության ծրագրի» շրջանակում  Գերմանիան ստանձնել է մեծ դերակատարում Հայաստանի Հանրապետության և եվրոպական կառույցների մերձեցման, այդ թվում նաև` համաեվրոպական կրթական ծրագրերիինտեգրման գործընթացում:
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գլխավոր քարտուղար Քրիստիան Բոդեն նեկայացրեց իրենց կազմակերպության առաքելության նպատակներն ու արձանագրված արդյունքները ՀՀ-ում: Նա հայտնեց, որ իր 80-ամյա պատմության ընթացքում ուսանողների կողմից հիմնադրված ծառայությունը 60 հազար կրթաթոշակ է տրամադրել աշխարհի տարբեր երկրների երիտասարդների, այդ թվում` 1300 հայ ուսանողի և գիտնականի:
ԿԳ նախարարը, բարձր գնահատելով կազմակերպության բազմամյա գործունեությունը, նշեց, որ կատարված ներդրումները լավագույնս ծառայում են իրենց նպատակին. ուսանողների ստացած գիտելիքներն ու փորձը հաջողությամբ դրսևորվում են  տարբեր ոլորտներում:
Հանդիպման ավարտին  պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-գերմանական համագործակցության ընդլայնման, այդ թվում` եվրոպական գիտական համակարգին Հայաստանի գիտական ներուժի ինտեգրման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման, միջբուհական համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր նախագծերի մշակաման ուղղությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։