«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2009-05-06
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
Հավանություն տալ` Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Սույն հայեցակարգը ներկայացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետ` ՄԿՈՒ) ոլորտում սոցիալական գործընկերության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրներն ու առաջարկում է բոլոր կողմերի շահերից բխող լուծումներ: Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության, գործատուների և արհեստակցական միությունների միջև համագործակցության վերաբերյալ եռակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը:
Սոցիալական գործընկերության ձևավորումը ՄԿՈՒ ոլորտում համընդհանուր խնդիր է: Այն շոշափում է հասարակության բոլոր խմբերի շահերը, ուստի և պահանջ ունի հասարակական լայն քննարկման, որի արդյունքների համակարգման դերակատարությունը պետք է ստանձնեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, գործատուների և արհեստակցական միությունները:
Հայեցակարգն ուղղված է Հայաստանում ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ձևավորմանը, և կնպաստի սոցիալական գործընկերներին մասնագիտական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին հավասար իրավունքներով մասնակից և պատասխանատու դարձնելուն: Արդյունքում նախատեսվում է ՄԿՈՒ համակարգի հեղինակության, ուսումնական հաստատությունների շրջանավարտերի մրցունակության բարձրացում և շահերի պաշտպանություն աշխատաշուկայում, որն իր հերթին կհանգեցնի աղքատության հաղթահարմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հայեցակարգի ընդունումից հետո կմշակվեն մի շարք իրավական ակտեր, որոնք պետք է սահմանեն սոցիալական գործընկերության մակարդակները, դրանց գործունեության շրջանակները, իրավունքներն ու պարտականությունները:
ՄԿՈՒ համակարգում 1999 թվականից իրականացված բարեփոխումներն ընդգրկել են ռազմավարական, հայեցակարգային և օրենսդրական ոլորտները, ներառելով նաև որոշ կոնկրետ գործողություններ` ուղղված առանձին ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի վերականգնմանն ու նորացմանը, մոդուլային ուսումնական ծրագրերի ներդրմանը և որակի բարելավմանը և այլն` նպատակ ունենալով համապատասխանեցնել ՄԿՈՒ առաջարկն ու աշխատաշուկայի պահանջները: Արձանագրելով տեսանելի առաջընթաց, մինչ այժմ էլ այդ հիմնախնդիրը մնում է չլուծված. ՄԿՈՒ համակարգի շրջանավարտները լիովին չեն բավարարում աշխատաշուկայի պահանջները և բավարար մրցունակ չեն: Տարեկան ավելի քան 8 հազար երիտասարդներ ավարտում են ՄԿՈՒ հաստատությունները, սակայն նրանց կրթությունը հաճախ որակական չափանիշներով մասնակի է համապատասխանում գործատուների պահանջներին: Միևնույն ժամանակ, արագ զարգացող տնտեսության տարբեր ճյուղերում աճող պահանջարկի պայմաններում ՄԿՈւ շրջանավարտները չեն ստանում համապատասխան հմտություններ և գիտելիքներ` աշխատաշուկայում իրենց ինքնազբաղվածությունն ապահովելու համար:
Խնդրի հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ձևավորումը: Արդյունքում ՄԿՈՒ կառավարման գործընթացում, բացի նախարարություններից կներգրավվեն նաև գործատուների և արհեստակցական միություննեը` ձևավորելով համապատասխան ենթակառույցներ, մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ, որի առաքելությունները կլինեն աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը, կրթական ծրագրերի և դրանց իրականացման ձևերի արդիականացումը, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրումը և այլն: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել երկարաժամկետ եռակողմ համագործակցության սկզբունքով՝ վերանայելով և հստակեցնելով սոցիալական գործընկերների դերն ու պատասխանատվություններըÖ‰
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարություն մեջ ՄԿՈւ ոլորտի զարգացման համար կարևորվում է սոցիալական գործընկերության սկզբունքը:
Սոցիալական գործընկերության կողմերն այսօր գիտակցում և կարևորում են այդպիսի համագործակցության արդյունավետությունը: Գործատուներն իրապես շահագրգիռ են ՄԿՈՒ բնագավառում ավելի ակտիվ դերակատարում ունենալու, մյուս կողմից արհեստակցական միությունները սկսել են կարևորել իրենց դերն ու նշանակությունը կառավարության և գործատուների համագործակցությունն ապահովելու հարցում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հետևողական քաղաքական աջակցություն ցուցաբերել սոցիալական համագործակցության այս ձևին: Ի վերջո, գործատուներն են աշխատաշուկայում ճանաչում մասնագետների որակավորումներն ու հմտությունները, նրանց տալիս համապատասխան աշխատանք և նյութական բարեկեցություն: Սոցիալական գործընկերների ներգրավումը ՄԿՈՒ համակարգում անհրաժեշտ է նաև տեղեկատվության, գիտելիքների և խորհրդատվության տրամադրման, ուսանողների գործնական ուսուցման ապահովման համար:
1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԿՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության խնդիրների և հիմնական սկզբունքների սահմանման համար հիմք են ընդունվում համապատասխան միջազգային փորձը, Հայաստանի Հանրապետության առկա պայմաններն ու ավանդույթները, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող իրավական ակտերը, հայեցակարգային փաստաթղթերը, զարգացման ծրագրերը:
ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքներն են `
1.կողմերի իրավահավասարությունը.
2.կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.
3.կողմերի շահերը հաշվի առնելը և հարգալից վերաբերմունք դրսևորելը.
4.կողմերի ներկայացուցիչների լիազորվածությունը.
5.քննարկման առաջարկվող հարցերի ընտրության ազատությունը.
6.պարտավորություններ ստանձնելու կամավորությունը.
7.ընդունվող պարտավորությունների իրատեսական լինելը.
8.կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելը:
ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության կողմերն են՝
1.Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2.Գործատուներին/գործարարներին ներկայացնող կազմակերպությունները.
3.Արհեստակցական միությունները;
ՄԿՈՒ ոլորտում սահմանվում է սոցիալական գործընկերության 4 մակարդակ`
1.ազգային.
2.տեղական (հաստատությունների).
3.ճյուղային.
4.տարածքային:
2.ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԸ
1. Ազգային մակարդակով սոցիալական գործընկերությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. դեկտեմբերի 11-ի N 1012-Ա որոշմամբ ստեղծված Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) կողմից:
ՄԿՈՒԶԱԽ-ի նպատակներն են`
1)քննարկել և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը և զարգացման ծրագրերի, ոլորտի քաղաքականությանը վերաբերող այլ փաստաթղթերի և իրավական ակտերի նախագծերի վերաբարյալ.
2)քննարկել և ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պլանավորման և բովանդակության, մասնագետներին ու դրանց պատրաստմանը ներկայացվող պահանջների և պայմանների վերաբերյալ.
3)քննարկել և ներկայացնել այլ առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտի բարելավման ուղղությամբ:
ՄԿՈՒԶԱԽ-ը եռակողմ խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ զարգացման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել այդ ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնին:
ՄԿՈՒԶԱԽ-ն իրականացնում է խորհրդատվություն ՄԿՈՒ ոլորտում պետական քաղաքականության, ռազմավարության, զարգացման ուղղությունների վերաբերյալ, առաջադրում է ճյուղային, տարածաշրջանային (ըստ անհրաժեշտության) և հաստատությունների մակարդակներով իրականացվող սոցիալական համագործակցություն իրականացնող կառույցների անդամներ:
ՄԿՈՒԶԱԽ-ում, որը բաղկացած է 21 անդամից, հավասար թվաքանակով ընդգրկված են սոցիալական գործընկերության կողմերից առաջադրված թեկնածուներ:
ՄԿՈՒԶԱԽ-ի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման կենտրոն» հիմնարկի (ՄԿՈՒԶԱԿ) և Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական միջին ու նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստերին, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել նաև այլ անձինք:
2. Տեղական մակարդակով սոցիալական գործընկերությունն ապահովելու նպատակով ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում ձևավորվում են կոլեգիալ կառավարման մարմիններ` Խորհուրդներ (ՄԿՈՒՀԽ):
ՄԿՈՒՀԽ-ի գործառույթներն են.
1) տեղական աշխատաշուկայի իրավիճակի և հետագա միտումների ներկայացումը,
2) տվյալ ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի համար տվյալների նախապատրաստումը,
3) ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի հիմնավորման համար տվյալների ներկայացումը,
4) բյուջետային ֆինանսավորման կարգի և մոտեցումների մասին տեղեկությունների տրամադրումը,
5) ուսանողական նպաստի միջոցների լավագույնս օգտագործման նպատակով առաջարկությունների ներկայացումը,
6) ուսումնական հաստատությունում ուսուցանվող մասնագիտությունների և որակավորումների ցանկերը աշխատաշուկային համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը,
7) համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող` նաև օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրների առաջադրումը,
8) կառավարության համապատասխան որոշումների կիրառման առանձնահատկությունների ներկայացումը,
9) ուսանողների և աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
10) մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող քաղաքականությունից բխող խնդիրների առաջադրումը,
11) ՄԿՈՒ և զբաղվածության ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը,
12) տարեկան առնվազն մեկ անգամ` համապատասխան ճյուղերի զարգացման միտումների ու հեռանկարների և գործատուների պահանջների ներկայացումը,
13) աջակցությունն ուսանողների գործնական ուսուցման կազմակերպմանը և ծառայողական առաջխաղացման զարգացմանը,
14) հաստատության հետագա ռազմավարական զարգացման վերաբերյալ պարբերական խորհդատվության տրամադրումը,
15) ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության և ուսուցման որակի և համապատասխանության անընդհատ բարելավման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը,
16) նպաստումը ուսումնական հաստատության ուսումնանյութական հենքի բարելավմանը,
17) աջակցությունը դասավանդողների մասնագիտական որակավորման բարելավմանը,
18) մասնակցությունը ուսումնական հաստատության զարգացման պլանների մշակմանը,
19) համապատասխան մասնագիտությունների գծով աշխատանքի անվտանգության և պաշտպանության վերաբերյալ իրազեկման բարձրացում, ժամանակակից մեթոդական նյութերի և գրականության տրամադրումը:
20) Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ իրազեկության ապահովումը, ուսուցումը և խորհրդատվությունը:
ՄԿՈՒՀԽ-ները, որոնց անհատական կազմերը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը, ներառում են մինչև 20 անդամ, և կազմված են ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերներ ճանաչված կողմերի, ինչպես նաև տվյալ հաստատության (կազմակերպության) մանկավարժական անձնակազմն ու ուսանողներին ներկայացնող անդամներից:
ՄԿՈՒՀԽ-ներում կողմերը ներկայացվում են հետևյալ կերպ`
1) դասախոս
2) ուսանող
3) հիմնադիր
4) լիազոր պետական մարմին
5) գործատուներ
6) արհեստակցական միություններ
Հիմնադրին հատկացված տեղերում ընդգրկվում են տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացուցիչներ:
Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 ուսումնական տարի է:
ՄԿՈՒՀԽ-ի լիազորություններն են.
1) պետական կառավարման լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում
մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
2) հիմնադրի սահմանած կարգով որոշում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության շահույթի տնօրինման ուղղությունները,
3) հաստատում է իր աշխատակարգը,
4) ընտրում է խորհրդի նախագահ, տեղակալ, քարտուղար,
5) քննարկում և հաստատում է տնօրենի հաշվետվությունները,
6) քննարկում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության հաշվապահական և այլ հաշվետվությունները,
7) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգին» և «Միջին մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգին» համապատասխան կազմակերպում և անցկացնում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության տնօրենի մրցույթ` ընտրություն,
8) հաստատում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության ներքին գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան սահմանված չէ,
10) քննարկում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության տարեկան ծախսերի նախահաշիվը,
11) քննարկում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության զարգացման ծրագրերը,
12) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության կանոնադրության նախագիծը, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները,
13) սահմանում է մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը` համաձայնեցնելով լիազորված պետական մարմնի հետ,
14) քննարկում և առաջադրում է պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները,
15) քննարկում է մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը,
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
3. Ճյուղային և տարածքային մակարդակներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համեմատաբար փոքր տարածքը և ռեսուրսների սահմանափակությունը` ճյուղային և տարածքային մակարդակներում Սոցիալական գործընկերության կառույցներ (ժամանակավոր կամ մշտական ճյուղային (տարածքային) խորհուրդներ կամ հանձնաժողովներ) ստեղծվում են միայն տնտեսության տվյալ ճյուղի կամ տարածաշրջանի (Հայաստանի Հանրապետության մարզի) համար առանձնահատուկ խնդիրների լուծման նպատակով` սոցիալական գործընկերների միջև համագործակցության հաստատման անհրաժեշտության առաջացման դեպքում` ՄԿՈՒԶԱԽ-ի առաջարկությամբÖ‰
3.ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում և այլ իրավական ակտերում կատարել փոփոխություններ` արդյունավետ ու իրավահավասար սոցիալական գործընկերության համար նպաստավոր իրավական հենք ստեղծելու և միջազգային մոտեցումներին համահունչ զարգացումներ ապահովելու նպատակով: