Հայ-բուլղարական համագործակցության նոր հեռանկարներ
2009-04-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կիրչո Աթանասովը ապրիլի 22-ին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թթ. համագործակցության ծրագիր»: Հայ-բուլղարական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում ձևավորվել են դեռևս 1994թ.-ին` Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով:
2006թ.-ին կնքված համաձայնագրի ժամկետը լրացել էր այս տարի, հետևաբար կողմերը ձեռնամուխ են եղել նոր ծրագրի ստորագրմանը` հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով:
ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը, ինչպես նաև Բուլղարիայի Հանրապետության կառավարությանն ու ողջ ժողովրդին` Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ: «Դա ոչ միայն մարդասիրական քայլ է, այլ բարեկամ ժողովրդի և բարեկամ պետության վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ` ապրիլի 24-ի նախօրյակին,-նշեց նախարարը:
Անդրադառնալով ստորագրվող փաստաթղթին` նախարար Ս. Սեյրանյանը շեշտեց, որ նախորդ համաձայնագրի բոլոր կետերը կատարվել են, և որն էլ հիմք է հանդիսացել ստորագրվող ծրագիրը նոր բաղադրիչներով հարստացնելու համար: «Բուլղարիայի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում Բուլղարիայում ապրող մեր հայրենակիցների հայեցի դաստիարակության խնդիրներին: Բազմաթիվ կրթական հաստատություններում հայերենը ուսումնասիրվում է որպես մայրենի լեզու, և այս առումով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը լուրջ աջակցություն է ցուցաբերել այդ դպրոցներին ինչպես ծրագրերի և դասագրքերի ապահովման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման առումով»,-կարևորեց նախարարը:
Ս. Սեյրանյանն ուշադրություն հրավիրեց նաև Սոֆիայի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ աշխատանքների կատարելագործման նպատակով կենտրոնն աշնանը կհամալրվի համապատասխան մասնագետով:
Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կիրչո Աթանասովը խորհրդանշական համարեց, որ դեռևս 2006թ.-ին իրեն էր պատիվ ընձեռվել ստորագրելու համաձայնագիրը: Նա վստահեցրեց, որ եռամյա համագործակցության այս հուշագիրը նոր հեռանկարներ է բացում երկու ժողովուրդների համագործակցության համար:
Երկու երկրների կրթության և գիտության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրին նան, որ «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս տարի կկայանա Բուլղարիայում, որին կմասնակցեն նաև հայ աշակերտները: