«Ուսուցումը Հայաստանում 2009»

2009-04-16

Երևանի պետական համալսարանի նախասրահում ապրիլի 16-ին բացվեց «Ուսուցումը Հայաստանում 2009» միջազգային ավանդական  8-րդ ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչների միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 30 պետական և ոչ պետական հավատարմագրված բուհ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող տեղական  և միջազգային կազմակերպություններ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, շնորհավորելով մասնակիցներին և այցելուներին ցուցահանդեսի կապակցությամբ, նշեց, որ նման միջոցառումները հանրությանը հնարավորություն են տալիս ծանոթանալ  կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների առաջարկած մասնագիտությունների ոչ միայն անվանումներին, այլև բովանդակությանը: Ավանդական դարձած  ամենամյա ցուցահանդեսն այս տարի կազմակերպվել էր մայր բուհում, և նախարարի տեղակալը կոչ արեց բուհերի ղեկավարներին ուսումնական հաստատություններում նախատեսել համապատասխան տարածքներ` մասնագիտական ցուցահանդեսներ կազմակերպելու համար, որոնք էլ կնպաստեն աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
«Ուսուցումը Հայաստանում 2009» միջազգային ավանդական 8-րդ ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ` կրթական կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 18-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։