Արդյունքների ամփոփում` քննությունների նախաշեմին
2009-04-16
Պետական ավարտական և միասնական քննությունների նախաշեմին Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը ապրիլի 16-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ամփոփեց ընթացիկ քննությունների արդյունքները: Բանախոսը նշեց, որ ընթացիկ գնահատման հիմնական նպատակն էր առավել ճշգրիտ ու համապարփակ տեղեկություն ստանալ հանրակրթական դպրոցներում կրթության որակի, առկա խնդիրների վերաբերյալ, վերլուծել և համապատասխան լուծումներ առաջարկել: Նա շեշտեց, որ իրականացվող բոլոր գործընթացներն ուղղված են հանրապետությունում հանրակրթության բարձր որակի ապահովմանը:
Ընթացիկ գնահատումը յուրօրինակ փորձ է նաև ավարտական դասարանցիների համար` պատրաստվելու ավարտական և միասնական քննություններին:
Մ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ 9-րդ դասարանի թեստերը ընդունվել են նաև որպես նմուշ-օրինակներ ավարտական քննության համար: 11-րդ դասարանի թեստերը կազմվել են ուղեցույցի սկզբունքներին համապատասխան, սակայն չեն հանդիսանում նմուշ-օրինակներ: Անդրադառնալով 2009թ. միասնական քննությունների կազմակերպման գործընթացին` բանախոսը նշեց, որ միասնական քննություն հանձնողների դիմում-հայտերի ընդունումն ավարտվել է ապրիլի 15-ին, և արդեն կան քննություն հանձնողների վերաբերյալ նախնական տվյալներ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 21-22-ը նախատեսվում է կազմակերպել ընթացիկ գնահատում տարրական դպրոցի ավարտական` 4-րդ դասարանում: