Դասագրքերը` նախարարության ուշադրության կենտրոնում
2009-04-08
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ապրիլի 8-ին նախարարի տեղակալ Բ. Եսայանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների և «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների դասագրքերի համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված հեղինակային խմբերի անդամների մասնակցությամբ: Բ. Եսայանը նշեց, որ հասարակության մեջ, այդ թվում` նաև ուսուցիչների շրջանում, կան որոշակի դժգոհություններ` դասագրքերի բովանդակության, ինչպես նաև շարադրանքի մատչելիության վերաբերյալ:
«Նախարարությունը սկսել է դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև այլ շահառու խմբերի կարծիքների հավաքագրման գործընթաց: Այս հանդիպման նպատակը ուսուցիչների և հեղինակային խմբերի միջև համագործակցության ձևավորումն է»,- շեշտեց նախարարի տեղակալը:
Հեղինակային խմբերի ղեկավարներ Գ. Գևորգյանը /«Հանրահաշիվ»/ և Ս. Հակոբյանը /«Երկրաչափություն»/ ներկայացրին այն հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվում են դասագրքերի ստեղծման գործընթացում: Ուսուցիչներն, իրենց հերթին, արտահայտեցին իրենց և գործընկերների մտահոգություններն ու ցանկությունները` նախապատրաստվող դասագրքերի վերաբերյալ: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում` դասագրքերի կառուցվածքի և թեմաների շուրջ:
Հանդիպման ավարտին ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը հույս հայտնեց, որ նման հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական, և արդյունքում կունենանք աշակերտների և ուսուցիչների համար ընդունելի դասագրքեր: