Միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է
2009-03-24
Կրթության և գիտության նախարարությունում մարտի 30-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում` ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանի և ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորությամբ: Ս. Սեյրանյանը տեղեկացրեց, որ, համաձայն նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, ստորագրվել է երկու նախարարների համատեղ հրաման` «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին», որն ուղղված է ՀՀ պաշտպանության և կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրապետությունում ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև դրա բարելավմանը նպատակամիտված համատեղ միջոցառումների պլանի ստեղծմանն ու իրագործմանը:
Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում իրականացվող գործընթացները հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են, և միջգերատեսչական աշխատանքային հանդիպումները նպատակ ունեն որակապես բարելավել նշված գործընթացները: Ս. Օհանյանը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է ունենալ «ՀՀ բնակչության հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ», որն ավելի համակարգված և շարունակական կդարձնի աշխատանքները ոչ միայն սովորողների, այլև հասարակության առավել լայն շերտերի հետ: Ս. Օհանյանը, բարձր գնահատելով երկու գերատեսչությունների կատարած համատեղ աշխատանքը, միաժամանակ նշեց, որ անելիքներ դեռ շատ կան:
ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը շեշտեց, որ իրականացվող գործընթացների նպատակը հայրենիքը սիրող և հայրենիքին նվիրված ժամանակակից քաղաքացու կերտումն է:
Աշխատանքային խմբին հանձնարարվեց մշակել գործողությունների և միջոցառումների ժամանակացույց, որը կհաստատեն երկու գերատեսչությունների ղեկավարները: