Համատեղ խորհրդակցություն
2009-03-24
Ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 23-ին տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկու գերատեսչությունների նմանատիպ հանդիպումները պայմանավորված են ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ցուցումով` ոլորտում իրականացվող գործընթացները որակապես բարելավելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախնական զինվորական պատրաստության դասավանդմանը, զինղեկների պատրաստման գործընթացին, ռազմամարզական վարժարանների դերին, դպրոցներում համակարգչային հրաձգային դասարաններ կահավորելու և այլ թեմաներին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը խոսեց կրթության և գիտության նախարարության հետ համատեղ արդեն իսկ կատարված զգալի աշխատանքների մասին, մասնավորապես` ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա հանրապետության մի շարք դպրոցներ կցվել են մոտակա զորամասերին, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ դպրոցականների և զինծառայողների միջև: Իսկ ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչներն էլ հանդիպումներ են ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Քննարկման մասնակիցները նկատեցին, որ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ: Կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանն առաջարկեց աշխատանքային խմբի կազմում ներգրավել նաև որոշ դպրոցների տնօրենների և զինղեկների` հաշվի առնելով վերջիններիս երկարամյա աշխատանքային փորձը: