Տեխնիկական վերազինում
2009-03-23
Երևանի պետական արդյունաբերական քոլեջում մարտի 23-ին տեղի ունեցավ «Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում» և «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով ուսումնական լաբորատորիաների բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներ:
Երևանի պետական արդյունաբերական քոլեջը հանդիսանում է ՄԱԿ-ի զարգացման “Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին” ծրագրի հիմնական շահառուներից մեկը: Ծրագրի շրջանակներում քոլեջը ստացել է տեխնիկական լաբորատորիաներ` աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով: Լաբորատորիաները հնարավորություն կտան վերոնշյալ երկու մասնագիտություններով սովորողներին տեսական գիտելիքներին զուգընթաց ստանալ նաև գործնական հմտություններ:
Քոլեջին տրամադրվեց նաև երկու կրթական դիդակտիկ փաթեթ` «Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա» և «Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում» մասնագիտությունների որակավորման չափորոշիչներով և մոդուլային ծրագրերով կազմված կրթական ձեռնարկներ:
Բացման արարողությանը հաջորդեցին դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման քառօրյա դասընթացները, որոնք կիրականացնեն ձեռնարկների հեղինակները` ՀՊՃՀ դասախոսները:












