Ֆրանսերեն լեզվի մրցույթ. «Գնանք Ֆրանսիա 2009»
2009-03-19
Ֆրանսիայի արտաքին և Եվրոպական գործերի նախարարությունը, Ալիանս Ֆրանսեզը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Գնանք Ֆրանսիա» ծրագրի շրջանակներում հայտարարում են մրցույթ` «Այսօր Հայաստանում լինել երիտասարդ» թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 2009թ. հուլիսի 5-ը 16-20 տարին լրացած այն աշակերտները և ուսանողները, ովքեր սիրում են պոեզիան և սլամը (ռիթմիկ պոեզիան): Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլի պայմաններն են` 15-ից 30-տողի սահմաններում ֆրանսերենով գրել բանաստեղծություն` «Այսօր Հայաստանում լինել երիտասարդ» թեմայով` օգտագործելով հետևյալ 5 բառը` bruit, virtuel, libertռ, ville, bouger: Առաջին փուլը կկայանա 2009 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 30-ը: Եզրափակիչ փուլ կանցնեն յուրաքանչյուր մարզից մեկ աշակերտ և մեկ ուսանող: Եզրափակիչ փուլի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 21-ին, ժ. 10.30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, մասնակցից կպահանջվի 15-ից 30-տողի սահմաններում գրել բանաստեղծություն «Այսօր Հայաստանում լինել երիտասարդ» թեմայով` պարտադիր օգտագործելով 5 այլ բառ, որոնք կառաջադրվեն քննության ժամանակ: Բանավոր քննության ժամանակ հավակնորդը պետք է ժյուրիին ներկայացնի գրած բանաստեղծությունը սլամի ոճով և պատասխանի ժյուրիի անդամների հարցերին:
Լավագույն սլամ ներկայացրած աշակերտը և ուսանողը կմեկնեն Փարիզ` մասնակցելու 2009թ. հուլիսի 6-ից 16-ը անցկացվելիք մշակութային ծրագրին: Իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և մրցանակներ:
Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Մրցույթին մասնակցելու համար ստեղծագործությանը կից անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ տվյալները` ազգանուն, անուն, հեռախոս, էլ. հասցեն, ծննդյան օր, ամիս, տարի, դպրոցի կամ ուսումնական հաստատության անվանում և հասցե, շրջան (մարզ):
Ստեղծագործությունը պետք է ուղարկել հետևյալ հասցեով`
0015 Երևան, Գրիգոր Լուսավորչի 8
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
«Գնանք Ֆրանսիա 2009» մրցույթին կամ
էլ.փոստով. culturel.erevan-amba@diplomatie.gouv.fr












