Կրթության որակի ապահովումը` որպես նպատակ
2009-03-10
«Դե ֆակտո» մամուլի ակումբում մարտի 18-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը ներկայացրին օրենքի նախագիծը: Ասուլիսի ընթացքում, մասնավորապես, արծարծվեցին հանրակրթության պետական կառավարման և ֆինանսավորման խնդիրները, որոնք ներառված են օրենքի նախագծում:
Անդրադարձ կատարվեց նաև հանրակրթական ծրագրերի իրականացումը կանոնակարգող հիմնական փաստաթղթերին` հանրակրթության կրթակարգին և հանրակրթության պետական չափորոշչին: Դպրոցի կառավարման խորհրդի իրավասությունները և պարտականությունները, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման խնդիրները ևս ամրագրվել են օրենքի նախագծում: Բանախոսներն ընդգծեցին, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հիմնական նպատակը հանրակրթության ոլորտում կրթության որակի ապահովումն է: Նրանք նշեցին, որ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամները: Կազմակերպվել են նաև բազմաթիվ քննարկումներ` կրթության բնագավառի մասնագետների և հանրության տարբեր շերտերի մասնակցությամբ: