Իրանում տեղադրվել է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին

2009-03-10

Թեհրանից ոչ հեռու գտնվող Իրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ականավոր գիտնական, աստղագետ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրիի բացման արարողությունը: Իրանի արտգործնախարարության և Թեհրանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանում քանդակված  և Իրան տեղափոխված հայազգի անվանի աստղագետի պղնձաձույլ կիսանդրին առաջինն էր այն նախաձեռնության, որով նախատեսված է անմահացնել երեսուն այլ երկրների համաշխարհային համբավ ունեցող գիտնականների հիշատակը:

Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, իր խոսքում ներկայացրել է համաշխարհային աստղագիտության բնագավառում ակադեմիկոս Համբարձումյանի ներդրմանը, անդրադարձել գիտնականի 100-ամյա հոբելյանին, նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. հռչակվել է աստղագիտության տարի: Դեսպանը հպարտության և երախտիքի խոսքեր է ուղղել ներկաներին` կիսանդրիի բացման արարողության  կապակցությամբ:
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն պարոն Հանը, կարևորելով միջոցառումը, ներկաների ուշադրությունը հրավիրել է հայազգի հանրահայտ գիտնականի կենսագրական մի շարք տվյալների վրա, ինչպես նաև  շնորհավորել ողջ հայ ժողովրդին` միջոցառման կապակցությամբ:
«Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն պ-ն Սաֆարնիան, նախ տվյալներ ներկայացնելով 2001թ. հիմնված ԻԻՀ նախագահական գրասենյակի ներքո գործող 20 հեկտար տարածք զբաղեցնող և 60 մլն. դոլար մասնավոր հատվածի ու 20մլն դոլար ԻԻՀ կառավարության ներդրումների շնորհիվ ստեղծված  տեխնոլոգիական  կենտրոնի գործունեության մասին, գնահատանքի խոսքեր է ուղղել միջոցառման ներկաներին` հանդիսությանը մասնակցելու համար:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան արտակարգ դեսպանորդ և լիազոր  նախարար Գրիգոր Առաքելյանն ու երկրորդ քարտուղար Վահագն Աֆյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։