ՄՐՑՈՒՅԹ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2009-03-16

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2009-2010 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կամ դոկտորանտի (ասպիրանտ) կրթական աստիճան ստանալու համար /մեկ կրթաթոշակ/:
Մագիստրոսական կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից մինչև 26, իսկ դոկտորանտական կրթաթոշակին` մագիստրոսի կրթական աստիճան ունեցող  23-ից մինչև 35 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերենին:
Կրթաթոշակը տրամադրվում է տնտեսագիտություն և կառավարում, բնական գիտություններ, էկոլոգիա, ճարտարապետություն և շինարարություն, ճարտարագիտություն, տեխնոլոգիա և արտադրություն, գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, անասնաբուժություն, ջրային տնտեսություն, բժշկություն, ատամնաբուժություն և դեղագործություն մասնագիտությունների գծով:
Դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• հարցաթերթիկ` ներկայացված սլովակյան կողմից,
• ինքնակենսագրություն (CV),
• 2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
• բակալավրի կամ մագիստրոսի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
• ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
• անձնագրի պատճեն,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 2 լուսանկար 3x4չափսի,
• արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայականը, կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև`
• ռեֆերատ հայերեն լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հավաստող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007թ. N 1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Ասպիրանտական կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն` համաձայն ՀՀ  կրթության և գիտության նախարարի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» հրամանի /2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ա/Ք/ և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել  մինչև ս.թ. ապրիլի 27-ը /ներառյալ/ ՀՀ  կրթության և գիտության նախարարության  միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության թիվ 3 շենք,VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մայիսի 4-11-ը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։