Լսումներ ԱԺ-ում
2009-03-10
ՀՀ Ազգային ժողովում մարտի 13-ին կազմակերպվեցին լսումներ` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, ով մեկ անգամ ևս շնորհավորելով բնագավառի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ, հույս հայտնեց, որ օրենքը կլուծի հանրակրթության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները: Նա կարևորեց կրթության որակի նկատմամբ վերհսկողությունն ու քաղաքների և գյուղական դպրոցների միջև առկա տարբերությունների վերացումը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Ա. Բախշյանը: Լսումների մասնակիցներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել զեկուցողներին, ինչպես նաև սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնել նախագծի վերաբերյալ: Ելույթ ունեցան պատգամավորներ, կրթջախների տնօրեններ, ոլորտի փորձառու մասնագետներ: Նրանք հիմնականում անդրադարձան դպրոցական խորհուրդների կազմի և իրավասությունների խնդիրներին, մանկավարժների ատեստավորման ու նրանց ներկայացվող պահանջներին, ոլորտի իրավակազմակերպական այլ հարցերինÖ‰
Ելույթները եզրափակեց ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը: Նախարարը, շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին ակտիվության համար, նշեց, որ նախարարությունը միշտ կողմ է եղել կառուցողական համագործակցությանը և պատրաստ է` քննարկել յուրաքանչյուր առաջակություն: Ս. Սեյրանյանը, ներկայացնելով հանրակրթական ուսումնական հասատատություններում առկա խնդիրները, մտահոգություն արտահայտեց, որ հնչած ելույթներում, ցավոք, կրթության որակի ապահովմանը վերաբերող խնդիրներին անդրադարձ չկատարվեց: Նախարարը նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքը պետք է դիտարկել որպես կրթության զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որն անընդհատ պիտի կատարելագործվի` մեր երկրում կրթության որակի նկատմամբ աճող պահանջներին զուգընթաց:
Լսումների ավարտին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանը կոչ արեց շարունակել ակտիվ համագործակցությունը աշխատանքային խմբի հետ: