Աննախադեպ ակտիվություն՝ «Կենգուրու 2009»-ում
2009-03-10
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի մամուլի ասուլիսը` առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի վերաբերյալ: Ա. Ավետիսյանը խիստ կարևորեց դպրոցականների շրջանում անցկացվող մրցույթների, մասնավորապես «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի անցկացումը:
«Մեր նորանկախ պետությունը միջազգային օլիմպիադաների մասնակցության լուրջ պատմություն ունի. հայ դպրոցականները նմանօրինակ մրցույթներում միշտ գրանցել են բարձր ցուցանիշ` արժանանալով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների: Օլիմպիադաները շատ կարևոր են մեզ համար` թե հաջող արդյունքների, թե փորձառության տեսակետից»,- նշեց նախարարի տեղակալը:
Տ. Մեսրոպ քահանա Արամյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթը կմեկնարկի 2009 թ. մարտի 19-ին, որին կմասնակցի շուրջ 500 դպրոցի ավելի քան 30.000 աշակերտ: «Կենգուրուի» այս մրցույթին աննախադեպ թվով աշակերտներ են մասնակցում ոչ միայն մեր հանրապետությունում, այլ ողջ աշխարհում. այն ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթն է աշխարհում: Հայաստանը Սլովենիայից հետո երկրորդ պետությունն է` առաջին անգամ անցկացվող մրցույթին նման քանակի մասնակիցների ցուցանիշով: «Դպրոցականների այս աննախադեպ մասնակցությունը առաջին հերթին խոսում է մեր երեխաների ինքնակազմակերպվածության մասին. որը շատ կարևոր է: Խիստ ոգևորիչ է նաև մարզերի, հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների բարձր ակտիվությունը: Սա խոսում է լավ, խոստումնալից սերունդ ունենալու մասին», -նշեց բանախոսը:
Այբե կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրեց մրցույթի մանրամասները: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է` համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Մրցույթն անցկացվում է դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատական մաթեմատիկայից, քանի որ մրցույթն այս դեպքում ոչ այնքան մրցակցության համար է, որքան աշակերտության շրջանում գիտելիքների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու նպատակ ունիÖ‰
2008 թվականին «Այբ»-ը Հայաստանում անցկացրել է փորձնական մրցույթ՝ «Կենգուրու 2008»-ը, որին մասնակցել է 639 աշակերտ՝ 6 դպրոցիցÖ‰ Նրանցից 46-ը ստացել են պատվոգրեր. 42-ը լավ արդյունքի համար, 4-ը՝ գերազանց:
Մրցույթի ավարտի և արդյունքների ամփոփումից հետո նախատեսվում է մրցանակաբաշխություն ՀՀ բոլոր մարզերում: Կամակերպիչները տեղեկացրին, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը մյուս տարի նախատեսվում է հայերեն անցկացնել նաև Ջավախքում և Լեռնային Ղարաբաղում:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ www.kangaroo.am կայքից: