«Գեղեցիկը կփրկի աշխարհը...»,- գրեց Արմեն Աշոտյանը
2010-02-19
Գեղագիտական ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հրեշտակի թրթիռ» խորագրով կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին կենտրոնի նախկին սան, այժմ կենտրոնի ուսուցչուհի Աննա Գաբրիելյանի սաների նկարները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` նախարարը նշեց. «Գեղագիտության ազգային կենտրոնը շարունակում է պահպանել մեր լավագույն ավանդույթները: Այսօրվա ցուցահանդեսն իր մեջ միահյուսել է հոգևորը, մշակութայինը և կրթականը: Երեխաները ստեղծագործել են մի խորագրի ներքո` «Հրեշտակի թրթիռ», և իրականում միահյուսվել է աշխարհի նկատմամբ իրենց պատկերացումների մեջ այն ամենը, ինչ որ արժե պահպանել ողջ կյանքի ընթացքում: Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաները, ինչպես նաև գեղագիտական կենտրոնի սաները պահպանեն աշխարհի նկատմամբ այն վերաբերմունքը, այն ընկալումը, որ ունեն նրանք այսօր: Մշակութային մարդը չի կարող կիրթ չլինել, և կիրթ մարդը չի կարող չլինել մշակութային մարդ: Մշակույթը և գիտելիքը նույն շքանշանի երկու կողմերն են, որովհետև այն մարդը, որ իր մեջ չի կրում հոգևորը, գեղեցիկը, այդ մարդը, անգամ գիտելիքով զինված լինելու դեպքում, չի կարող լիարժեք պիտանի լինել հասարակությանը, տնտեսությանը»: Նախարարը հավելեց, որ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայտարարվել է գիրք նվիրելու օր և կենտրոնին նվիրեց գրքեր:
Նախարարը պարգևներ հանձնեց կենտրոնի սաներին, ովքեր մասնակցել էին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպված կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին և արժանացել պատվոգրերի և հատուկ մրցանակների:
Նախարարը շրջեց դահլիճում, դիտեց երեխաների նկարները: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների շարքը եզրափակում էր ազատ շրջանակը, որը նախատեսված էր Ա. Աշոտյանի բարեմաղթանքի համար: Նախարարը գրեց. «Գեղեցիկը կփրկի աշխարհը...P.S. Գիտելիքը այն կդարձնի ավելի հարմարավետ ու անվտանգ»: