Հայ-գերմանական համատեղ ծրագրերը շարունակական են
2010-02-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող խնդիրներ. Գերմանիայի կառավարությունը մեծ մասնակցություն ունի Հայաստանի կրթության և գիտության ոլորտում իրականացվող գործընթացներում, որը ծրագրային ներդրումների առումով շատ հաճախ գերազանցում է եվրոպական շատ երկրների աջակցությանը:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով դեսպանին մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար, ընդգծեց, որ հայ-գերմանական հարաբերությունները միշտ արդյունավետ են եղել և հույս հայտնեց, որ ապագայում ևս առկա բոլոր ծրագրերը կպահպանվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը ներկա Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման պատասխանատու Սիլվիա Մեբուսը նշեց, որ ԿԳ նախարարի հետ կայացած վերջին հանդիպման ընթացքում բարձրացված մի շարք հարցեր` կապված ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի` որպես օտար լեզվի դասավանդման, ինչպես նաև գերմաներեն լեզվի իմացության դիպլոմ տվող դպրոցներում գերմաներենի անհրաժեշտ ժամաքանակին առնչվող խնդիրների հետ, իրենց լուծումն են ստացել: Տիկին Մեբուսը նշեց, որ գերմանական կողմը ողջունում է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, բայց, միաժամանակ, իր անհանգստությունն է հայտնում ծագած որոշ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, նոր ուսումնական տարում գերմաներեն լեզվի իմացության դիպլոմ տվող դպրոցներից երկուսը նախատեսվում է դարձնել հիմնական, մեկը` ավագ, իսկ Սարդարապատի միջնակարգ դպրոցը` միջնակարգ ուսումնական հաստատություններ: Ըստ այդմ` նշված հիմնական դպրոցների բարձր դասարանցիները պետք է ուսումը շարունակեն թիվ 5 ավագ դպրոցում: Գերմանական կողմը մտահոգված է, որ թիվ 6 և թիվ 60 հիմնական դպրոցները գտնվում են մայրաքաղաքի ծայրամասերում, և դպրոցներում սովորում են առավելապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որոնց համար ֆինանսական տեսակետից կառաջանան որոշակի դժվարություններ: Տիկին Մեբուսը նախարարին առաջարկեց որպես այլընտրանք թիվ 60 դպրոցը պահպանել` որպես միջնակարգ կթրություն իրականացնող ուսումնական հաստատություն:
Նախարարը, անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշեց. «Բարեփոխումների միջոցով մենք նախևառաջ փորձում ենք կոտրել կարծրատիպեր` նպաստելով, որ մեր հանրակրթական համակարգն աշխատի նոր մեխանիզմներով, որն էլ շատ հաճախ հանդիպում է հասարակության որոշակի շերտերի դիմադրությանը»: Անդրադառնալով Տիկին Մեբուսի բարձրացրած խնդրին` նախարարը նշեց, որ համատեղ իրականացվող ծրագիրը ներկայացնում է երկուստեք հետաքրքրություն, սակայն շեշտեց, որ ավագ դպրոցների բարեփոխումներն ընթանում են ընդհանուր հայեցակարգային մոտեցումներով և բացառություն անել հնարավոր չէ: Նախարարն առաջարկեց հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնք կքննարկվեն երկու կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբում և կներկայացվեն հաստատման:
Հանդիպման ավարտին նախարարը գերմանական կողմին առաջարկեց նաև գերմաներենի դասավանդմամբ դպրոցների ցանցն ընդլայնել` այնտեղ ներգրավելով նաև մարզերի դպրոցները, առավել ևս, որ շատ համայնքներում գործելու են միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություններ:












