Համագործակցության նոր հնարավորություններ
2010-02-16
Բրիտանական խորհրդի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Վիկի Թիփթոնը, ներկայացնելով Երևանի ինֆորմատիկայի պետական և Բրեդֆորդի քոլեջների միջև ձևավորված համագործակցությունը, նշեց, որ հանդիպումներ են կազմակերպվել քոլեջների կոլեկտիվների, ծնողների և ուսանողության հետ: Արդյունքները գոհացուցիչ են և հիմք են ստեղծում, որ այս ծրագիրը պիլոտայինից տեղափոխվի ներդրման փուլ` ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ:
Քննարկելով առաջիկա երեք տարվա ծրագրերը, որոնք բխելու են միջին մասնագիտական կրթության ոլորտի գերակայություններից` նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն առաջարկեց աջակցել հաստատությունների միջև միասնական ընդհանուր համացանցի ձևավորմանը, որը հնարավորություն կտա մասնագիտական շփումների, փորձի փոխանակման և գործատու-սովորող կապի ապահովման համար: Նախարարի տեղակալը, հաշվի առնելով նախորդ ծրագրի արդյունքները, առաջարկեց դիտարկել համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության և սպասարկման ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացում` այդ համատեքստում կարևորելով միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծման ուղղությամբ խորհրդատվական աջակցության տրամադրումը:












