Մարզային օրագիր. այցելություն Վայոց Ձոր
2010-02-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մարզային այցելությունների շարքում հաջորդը Վայոց Ձորի մարզն էր, ուր այցելել էր նախարարը: Մարզային այցելությունների ընթացքում նախատեսվում է իրականացնել համապատասխան նախնական ուսումնասիրություններ, և այս այցը ևս նպատակ էր հետապնդում ծանոթանալ մարզի կրթական հիմնախնդիրներին: Համաձայն օրակարգի` նախարարի առաջին հանդիպումը մարզպետարանում էր, ուր կայացած խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ղեկավարությունը և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները;
Մարզում գործում են 17 նախադպրոցական և 51 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցում համապատասխանաբար ներգրավված են շուրջ 750 երեխա և 7600 աշակերտ: Ինչպես ամբողջ հանրապետությունում, Վայոց Ձորի մարզում ևս նկատվում է աշակերտների թվի նվազում. շարժի տեսակետից համարյա կրկնակի նվազել է շրջանավարտների և առաջին դասարանցիների թիվը: Մարզում գործում է մեկ ավագ` Վայքի թիվ 1 դպրոցը, ինչպես նաև ներառական կրթություն իրականացնող Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ուր ընդգրկված է առանձնահատուկ կրթության կարիք ունեցող շուրջ 20 երեխա: Մարզում նման երեխաների թիվը հասնում է շուրջ 40-ի. մնացած 20 երեխայի համար կազմակերպվում է ընտանեկան կրթություն: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են համակարգիչներով, իսկ 17 դպրոցում առկա են համակարգչային դասարաններ: Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով մարզում գործում է չորս դպրոց-կենտրոն` Եղեգնաձորի թիվ 1, Ջերմուկի թիվ 2, Զառիթափի և Քարաձորի միջնակարգ դպրոցները: Վերոնշյալ չորս կենտրոններում, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի Վայոց Ձորի մասնաճյուղում կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում: Վերջին տարիներին հիմնանորոգվել են մարզի համարյա բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները` ընդհանուր մասնաշենքերի շուրջ 80 տոկոսը: Մարզի ուսումնական հաստատություններից հինգն ունի սահմանամերձ դպրոցի կարգավիճակ. առկա է հեռավոր գյուղերի փոքր դպրոցների պահպանման խնդիրը, մասնավորապես, որակի ապահովման տեսանկյունից: Մարզում գործում է մեկ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն` Եղեգնաձորի պետական քոլեջը, և երկու բարձրագույն ուսումնական հաստատություն` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը և Եղեգնաձորի «Գիտելիք» ոչ պետական համալսարանը:
Բացելով խորհրդակցությունը` նախարարը խոսեց կրթության բոլոր բնագավառներում մարզում արձանագրված հաջողությունների և առկա հիմնախնդիրների մասին: Անդրադառնալով նախադպրոցական կրթությանը` նա նշեց, որ մեր հանրապետությունում ամենացածր ներգրավվածությունն արձանագրվել է հենց այս ոլորտում` համեմատ անցումային շրջանում գտնվող այլ երկրների: «Նախադպրոցական կրթությունն ինքնանպատակ չէ. այն դիտարկվում է որպես կրթության որակի ապահովման հիմնական նախապայման: Շատ հաճախ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները դուրս են մնում նախադպրոցական կրթությունից, որն էլ հանրության մեջ ի սկզբանե դնում է խտրական մոտեցում, այն է` նշված երեխաները հետ են ընկնում իրենց հասակակիցներից զարգացվածության մեջ և չեն կարողանում ստանալ գիտելիքների ամբողջ ծավալը»,-նշեց նախարարը և հավելեց, որ վերոնշյալ խնդրի լուծմանն է միտված Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագիրը, որի շրջանակում հանրապետության շուրջ 140 համայնքում դպրոցների հենքի վրա կբացվեն նախադպրոցական դասարաններ, որոնք կլինեն ոչ թե դասական մանկապարտեզներ, այլ համապատասխան վերազինմամբ և նախադպրոցական կրթության հիմնական տարրերը պարունակող դասարաններ, որոնցում ներգրավված կլինեն ավագ տարիքային խմբի երեխաներ, որոնք հնարավորություն կստանան օրական 4 ժամ ստանալ տարրական նախնական գիտելիքներ: Ա. Աշոտյանը մարզի ղեկավարությանը կոչ արեց հետևողական համագործակցել Կրթական ծրագրերի կենտրոնի հետ` քարտեզագրելու այն համայնքները, որոնք առաջնահերթ կհամարվեն նախադպրոցական կրթության կազմակերպման տեսակետից:
Հանրակրթության բնագավառում որպես թիվ մեկ խնդիր նախարարն առանձնացրեց մարզում ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը, որը համարյա կրկնակի ցածր է հանրապետական միջին ցուցանիշից: Նախարարը հորդորեց մարզի ղեկավարությանը` հնարավորության դեպքում խուսափել ուսուցիչների կրճատումներից` ելնելով ժողովրդագրական վիճակից: Նա առաջարկեց խնդիրը հարթել` եղած դասաժամերը բաժանելով ուսուցիչների միջև: Ա. Աշոտյանը նշեց, որ մոտակա տարիներին այս խնդրում լավատեսության համար երկու հիմք կա. նախադպրոցական դասարանների բացումը թույլ կտա 5-6 տարեկան շուրջ 30 հազար երեխայի ներգրավելով դպրոց` նրանց ֆինանսավորումն իրականացնել աշակերտ թվով, և երկրորդ` 2012 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներում արդեն կունենանք լիարժեք 12 դասարան, որն էլ կավելացնի աշակերտների թիվը ևս 30 հազարով և թույլ կտա խուսափել ուսուցիչների հնարավոր կրճատումներից: Նախարարը նշեց, որ մարզն ունի բազմաթիվ մանր բնակավայրեր, որի փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներում առաջացել է ուսուցիչների պահպանման և որակյալ կրթության ապահովման խնդիր: Նախարարը նշեց, որ վերոնշյալ խնդրի լուծման տարբերակներից մեկն այս պահին դիտարկվում է մոտակա տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միջոցով համապատասխան ռեսուրս-կենտրոնների բազայի վրա ստեղծել հեռավար ուսուցման տարբերակներ, երբ որոշ առարկաների գծով դասերը կհեռարձակվեն հանրապետության որևէ վայրում տեղակայված ռեսուրս-կենտրոնից` ապահովելով կրթության բարձր որակ և միաժամանակ չկրճատելով ուսուցչին: Նախարարը ներկաներին տեղեկացրեց, որ այս տարի ևս 300 դպրոց կմիացվի համակարգչային ընդհանուր ցանցին` միաժամանակ ընդգծելով, որ տարիների ընթացքում այստեղ ևս առաջացել են նոր խնդիրներ` ցանցը հնացել է, որոշ վայրերում առկա են վթարներ, կապի խափանումներ: Նախարարը տնօրեններին կոչ արեց ուսուցման համար հնարավորինս հաճախ օգտագործել համակարգչային դասարանները. «Դպրոցում լավ պահպանված համակարգիչը դեռևս չի նշանակում, որ այն ծառայել է իր նպատակին»,-նշեց Ա. Աշոտյանը: Նա անդրադարձավ նաև էլեկտրոնային դասագրքերի խնդրին` նշելով, որ այս տարի կավելանա ինչպես դրանց, այնպես էլ վիրտուալ լաբորատորիաների թիվը: Նախարարն անդրադարձավ նաև ավագ դպրոցների` դասագրքերով ապահովման խնդրին` նշելով, որ այս տարի ավագ դպրոցի 10-11-րդ դասարանները կունենան բոլոր անհրաժեշտ դասագրքերը.«Ավագ դպրոցների դասագրքերի խնդիրն այս տարի հանդիսանում է նախարարության գերակա խնդիրը և գտնվում է իմ անձնական հսկողության տակ»,-հավաստիացրեց նախարարը: Նա անդրադարձավ նաև տարրական դասարանների դասագրքերի ապահովման, ինչպես նաև տնօրենների հետ պայմանագրերի կնքման ժամկետներին: Այս համատեքստում Ա. Աշոտյանը ընդգծեց, որ արդեն այս տարի կգործի տնօրենների հավաստագրման կարգը և կիրականացվեն համապատասխան վերապատրաստման դասընթացներ.«Տնօրենը պետք է պաշտպանված լինի և նախարարությունից, և մարզպետարանից, բայց միաժամանակ, նա պետք է լինի պատասխանատու և ազատ: Ազատ իր աշխատանքի մեջ, եթե նրա աշխատանքի միակ նպատակը կրթության ապահովումն է և պատասխանատու, որովհետև շատ հաճախ տնօրենից է կախված այդ դպրոցի համբավն ու որակը: Դպրոցի որակը ոչ միայն շենքային պայմանններն են, նյութատեխնիկական հագեցվածությունը, այլ նաև մանկավարժական կոլեկտիվը և վարչական աշխատակազմը»,-նշեց Ա. Աշոտյանը և հավելեց, որ այս տարի կգործի նաև ուսուցիչների ատեստավորման և տարակարգերով ֆինանսավորման սկզբունքը. վերջինս բազմաթիվ մանկավարժների համար պրոֆեսիոնալ աճի տեսակետից նոր խթան կհանդիսանա:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանեց նաև տնօրենների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցական ծրագրերի գերբեռնվածությանը, ուսուցիչների աշխատավարձերի և կրկնուսույցների խնդրին: Անդրադառնալով ծրագրերի գերբեռնվածությանը` նախարարը նշեց, որ այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են հնչում, և դժգոհությունը մեծ է թե մանկավարժների, և թե ծնողների շրջանում; Այս կապակցությամբ նախարարը հանձնարարել է համապատասխան մասնագետներին` ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել առաջարկություններ` խորհրդակցելով նաև հմուտ մանկավարժների և փորձագետների հետ: Միաժամանակ, նախարարը փաստեց, որ այս խնդրում պետք չէ շտապողականություն ցուցաբերել, այլ գտնել հնարավոր ճիշտ լուծումը: Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին` Ա. Աշոտյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է բարձրացնել ավագ դպրոցի ուսուցիչների աշխատավարձը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը մարզի ողջ մանկավարժական կազմին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար;
Նախարարի հաջորդ այցը Եղեգնաձորի պետական քոլեջ էր, որտեղ իրականացվում է նաև նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն: Քոլեջն ընդգրկված է Եվրամիության «Բյուջետային աջակցություն» ծրագրում` որպես տարածաշրջանային բազմագործառութային կենտրոն, ուր ներդրվում են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագիտություններ: Ծրագրի շրջանակում վերանորոգվել է քոլեջի մասնաշենքը, համապատասխան սարքավորումներով համալրվել է նյութատեխնիկական բազան: Այցի ընթացքում նախարարը ծանոթացավ քոլեջում կատարված աշխատանքներին, շրջեց լսարաններում, զրուցեց ուսանողների և դասախոսների հետ: Հաշվի առնելով շենքային սուղ պայմանները` քոլեջի տնօրինությունը նախարարին առաջարկեց Եվրամիության «Բյուջետային աջակցություն» 2010-11թթ. ծրագրի շրջանակում քննարկել քոլեջի հարակից մասնաշենքի կառուցման հարցը; Նախարարը խոստացավ մոտ ապագայում քննարկել խնդիրը: Անդրադառնալով քոլեջի գործունեությանը` նախարարը նշեց, որ մարզը քոլեջի առջև պետք է դնի մարզի տնտեսական զարգացման հեռանկարին համահունչ կրթական ծառայությունների պատվեր` նախապես նախարարություն ներկայացնելով հայտ` տվյալ մասնագիտությամբ լիցենզիա ստանալու և համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար: «Եղեգնաձորի պետական քոլեջը պետք է դառնա տարածաշրջանի աշխատաշուկան և տնտեսությունը համապատասխան կադրերով ապահովող հիմնական «գործիքը»»,-նշեց Ա. Աշոտյանը:
Նախարարի հաջորդ հանդիպումը նախատեսված էր 2007 թվականին հիմնադրված ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում; Բուհին յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվում է շուրջ 100 տեղ /ԱՏ/: Նախորդ տարի բուհում խնդիր էր առաջացել. բուհ ընդունվածների թիվն ավելի փոքր էր, քան հատկացված տեղերի քանակը: Խնդրի կապակցությամբ նախարարը նշեց, որ այս տարի մարզային բուհերին նախատեսվում է տալ երկրորդ ընդունելության հնարավորություն, այն է` եթե բուհում կրկին արձանագրվեն թափուր տեղեր, միայն մարզերի բնակիչների համար կթույլատրվի երկրորդ ընդունելություն, որը թույլ կտա մարզի երիտասարդներին կրթություն ստանալ տեղում և չարտագաղթել: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ևս Ա. Աշոտյանը ծանոթացավ բուհի հնարավորություններին` շրջելով բուհի գրադարանում, համակարգչային սրահում, և զրուցեց ուսանողների և դասախոսների հետ:
Ա. Աշոտյանի հաջորդ հանդիպումը Եղեգնաձորի «Գիտելիք» հիմնադրամ ոչ պետական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ էր; Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սյունյաց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Աբրահամ Սրբազանի հետ նախարարը շրջեց բուհում, եղավ ռազմագիտության սրահում, բուժկետում, մարզադահլիճում, գրադարանում և լսարաններում: Դիմելով բուհի ուսանողներին և դասախոսներին` նախարարը նշեց, որ տպավորված է բուհում կատարված ներդրումներով և հաճելիորեն զարմացած է մարզային ոչ պետական նման բուհի առկայությամբ: «Բուհում ստեղծված են ոչ միայն որակյալ ուսուցում և բարձրակարգ կրթություն ստանալու, այլ նաև, որ ոչ պակաս կարևոր է, դաստիարակության և քաղաքացիական ու ազգային կայացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները. չէ որ բուհերը ոչ միայն գիտելիք տվող, այլ նաև քաղաքացի կերտող հաստատություններ են: Եվ ինչպիսին կլինի մեր վաղվա քաղաքացին և ում ուսերի վրա կդրվի մեր պետականության, ժողովրդի հոգսը, այսօր որոշվում է նաև մեր բուհերում»,-դիմելով ներկաներին` նշեց նախարարը;
Իր այցի ընթացքում նախարարն այցելեց նաև Մալիշկայի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որը հիմնովին վերանորոգվել և շահագործման է հանձնվել նախորդ տարվա դեկտեմբերին; Դպրոցում սովորում է շուրջ 300 աշակերտ: Դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ընթացքում նախարարը նշեց, որ տվյալ դպրոցի օրինակով կարելի է վերլուծել հանրակրթության ոլորտի մի շարք խնդիրներ: Նա նշեց, որ այդ խնդիրների մի մասը համապետական նշանակության են, իսկ մյուս մասը կապված է տարածքային, առանձնահատուկ խնդիրների հետ` հեռավոր բնակավայրերի փոքր դպրոցների պահպանման և աշակերտների թվի նվազման հետ կապված: Մանկավարժներին հիմնականում հետաքրքրում էր գյուղական ուսուցիչների խնդիրը, դպրոցական ծրագրերի գերբեռնվածությունը, որոշ առարկաների դասագրքերի ակադեմիական ոճը, երեխաների միջին ծանրաբեռնվածությունը և այլ խնդիրներ:
Նախարարի վերջին կանգառը Վայքի թիվ 3 մանկապարտեզն էր, որտեղ ևս նախարարը ծանոթացավ երեխաների համար ստեղծված պայմաններին և զրուցեց դաստիարակների հետ:
Ամփոփելով այցը` նախարար Ա. Աշոտյանը դրական գնահատեց այն և հույս հայտնեց, որ Վայոց Ձորի մարզ նախատեսվող իր հերթական այցի ընթացքում արդեն լուծված կլինեն բարձրացված մի շարք խնդիրներ:












