Աշակերտական խորհուրդները` իրավունքները պաշտպանող մարմին

2010-02-15

Արմավիրի մարզի մի շարք դպրոցների աշակերտական խորհուրդների հրավերով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մասնակցեցին մարզի Դալարիկ, Լեռնագոգ և Քարակերտ գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտական խորհուրդների հերթական հավաքին: Խորհուրդները մարզում գործում են արդեն երկու տարի և ծրագրերի իրականացմանն աջակցում է “Հայաստանի մանուկների հիմնադրամ” բարեգործական հիմնադրամը, որն աշակերտական խորհուրդների ստեղծումը համարում է դպրոցական բարեփոխումների կարևոր բաղադրիչներից մեկը:
Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգի կատարումով: Նախարար Ա. Աշոտյանը, ողջունելով խորհրդի անդամներին և կարևորելով նրանց գործունեությունը, նշեց, որ նախարարությունում մշակվում են հանրակրթության ոլորտին առնչվող տարբեր կարգեր, օինակելի կանոնադրություն, այդ թվում աշակերտական խորհուրդների մասով: Շուտով կառավարություն կներկայացվի դպրոցների օրինակելի կանոնադրությունը, որտեղ աշակերտական խորհուրդների մասին դրույթներ կան:
“Աշակերտական խորհուրդները պետք է լինեն ոչ թե խորհրդակցական, այլ որպես դպրոցի կառավարման մարմին: Ուզում ենք ստեղծել ձեր գործունեության համար իրավական երաշխիքներ, որ ոչ թե սերտաճեք դպրոցի ղեկավարության հետ, այլ համագործակցեք: Եղեք ձեր իրավունքները պաշտպանող մարմին”,- նշեց նախարարը :
Աշակերտական խորհուրդների անդամները, ներկայացնելով իրենց կատարած աշխատանքները, ներկայացրին նաև մի շարք չլուծված խնդիրներ, որոնք խոչընդոտում են ուսումնական գործընթացի և դպրոցական կյանքի գործունեությանը: Նախարարն, ամփոփելով ներկայացված խնդիրները, աշակերտներին ուղղորդեց  իրենց առաջարկությունները ներկայացնել նախարարություն` համապատասխան կարգի մշակման համար, ինչպես նաև համագործակցել բուհերից որեւէ մեկի ուսխորհրդի հետ, որն ակտիվ մասնակցում է բուհի կառավարմանը:
 Նախարարը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին պետական և ոչ պետական բուհերի ընդունելության քննությունների կազմակերպմանը, ավագ դպրոցներին, 12-ամյա կրթությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։