Համագործակցությունը թևակոխում է գործնական փուլ

2010-02-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին: Հանդիպման ընթացքում նախանշվեցին կրթության  և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը միտված հետագա անելիքները: Կողմերը քննարկեցին նախորդ հանդիպման ընթացքում նախարար Ա. Աշոտյանի առաջարկը` հայ-բելառուսական գիտակրթական  ֆորում անցկացնելու վերաբերյալ, որը փոխշահավետ  և հեռանկարային կլինի երկու կողմերի  համար ինչպես  փորձի փոխանակման, այնպես էլ նոր գիտակրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Նախարարն իր գոհունակությունը հայտնեց երկկողմ համագործակցությունը գործնական հիմքերի վրա տեղափոխելու առթիվ. «Պետք է փաստել, որ հայ-բելառուսական հարաբերություններում միշտ առկա  է նոր ասելիքը և համագործակցության նոր եզրերի որոնման պատրաստակամությունը, և ես ուրախ եմ, որ բելառուսական կողմը ողջունել է համատեղ գիտակրթական ֆորում անցկացնելու գաղափարը»,-նշեց նախարարը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ճշգրտել ֆորումի անցկացման ժամկետները և ծրագրի մանրամասները:
Դեսպան Սուխարենկոն Ա. Աշոտյանին փոխանցեց Բելառուսի կրթության և գիտության նախարարի պաշտոնական հրավերը` այցելելու Բելառուսի Հանրապետություն և տեղում ծանոթանալու տեղի կրթական ծառայություններին և փորձին: Կողմերը համակարծիք էին, որ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցության առկա վիճակը բավարար չէ. գործունեության բաց դաշտ կա, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, իննովացիոն ծրագրերի և գիտական գործունեության բնագավառներում: Նախարար Ա. Աշոտյանը, ընդունելով գործընկերոջ հրավերը, նշեց, որ այցը կնպաստի համապատասխան փորձագիտական խմբերի համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև օգտակար կլինի երկու երկրներում մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության և գնահատման մեխանիզմներին ծանոթանալու տեսանկյունից;
Դեսպանը նշեց, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Բոլոնիայի գործընթացի անդամակցության և եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու Հայաստանի հնգամյա փորձով, որը օգտակար և կիրառելի կարող է լինել Բելառուսի համար;
Հանդիպման ավարտին քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարի` Բելառուսի Հանրապետություն նախատեսվող այցի մանրամասները, մասնավորապես, հայ համայնքի կրթության իրավունքին, հայկական կիրակնօրյա դպրոցների գործունեությանը և դասագրքերի ապահովմանը վերաբերող խնդիրներ: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։