Պաշտոնական այց Ավստրիա
2010-02-01
Հունվարի 25-28-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով գտնվում էր Ավստրիայի Հանրապետությունում: Այցելության ընթացքում ստորագրվել է մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա խթանել համագործակցությունը հումանիտար ոլորտներում: Կրթության և գիտության բնագավառում հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի շահագրգիռ կազմակերպություններին և անձանց առավել մեծ ծավալով օգտվել ավստրիական փոխանակման ծրագրերից և ընդլայնել Հայաստանի հանրակրթական դպրոցներում գերմաներեն լեզվի դասավանդման գործընթացը` ներառելով նաև ավստրիական կողմին:
Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարար Կլաուդիա Շմիդտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներ և ապագային ուղղված մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես, Հայաստանի մի շարք հանրակրթական դպրոցներում գերմաներենի դասավանդման աջակցության ծրագիր Ավստրիայի կառավարության կողմից, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հաստատում հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև:
Հաշվի առնելով, որ Ավստրիայում բարձրագույն կրթության ոլորտը համակարգում է մեկ այլ` հետազոտությունների և նորարարությունների նախարարությունը, քննարկումների մի մասը ծավալվել է բարձրագույն կրթությանը վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության շրջանակում վերոնշյալ ոլորտում իրավական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությանը: Բարձրագույն կրթության բնագավառում իրականացված բարեփոխումների ընթացքին ծանոթանալու նպատակով նախարար Ա. Աշոտյանն այցելել է Ավստրիայի տնտեսության և բիզնեսի համալսարան, որտեղ քննարկվել է համալսարանի փորձը MBA ծրագրերի ներդրման գծով, որը հանդիսանում է եվրոպական լավագույն MBA ծրագրերից մեկը: Այս համատեքստում հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել փորձի փոխանակման տեսանկյունից նման կիրառական, գործնական ծրագրեր իրականացնել նաև Հայաստանում, մասնավորապես, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Քննարկումների ընթացքում նախանշվել են նաև հնարավոր համագործակցության ուղիներ Հայաստանի տնտեսագիտական կրթություն ապահովող այլ համալսարանների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հայ-ավստրիական բուհական համագործակցության հնարավորությունները` Տեմպուս 4 և Էռազմուս Մունդուս ծրագրերի շրջանակում:
Այցի ընթացքում կլոր սեղան է կազմակերպվել Վիեննայի համալսարանում, որը հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն համալսարաններից մեկը և ունի շուրջ 85 հազար ուսանող: Քննարկումների արդյունքում հատուկ ուշադրության են արժանացել Վիեննայի համալսարանի բյուզանդական և հունական հետազոտությունների կենտրոնի շրջանակում իրականացվող հայագիտական հետազոտությունների և դրանցում հայ գործընկերներին ներգրավելու հնարավորությունները: Բացի այդ, գրատպության 500-ամյակին ընդառաջ` նախարարն առաջարկել է Վիեննայի համալսարանի հետ համատեղ կազմակերպել գիտական կոնֆերանս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալսարանն ունի հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների մեծ փորձ: Վիեննայի համալսարանի մշակույթի պատմության կենտրոնը, որն ունի հայագիտական հետազոտությունների մեծ ավանդույթներ, որոնք սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, հետաքրքրություն է հայտնել Հայաստանում գործընկեր ունենալ` կենտրոնի ծրագրերի շրջանակում ստեղծվող մշակութային ժառանգության էլեկտրոնային բազան հայկական նմուշներով համալրելու համար:
Նախարարի հաջորդ այցը Կրեմ քաղաքի տուրիզմի և հյուրընկալության քոլեջ էր, որը հանդիսանում է Ավստրիայի տուրիստական բիզնեսին հիմնական կադրեր մատակարարող ուսումնական հաստատություններից մեկը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել երկկողմ հարաբերություններ հաստատել Երևանի զբոսաշրջության քոլեջի հետ, ինչպես նաև Կրեմի քոլեջում կազմակերպել «Հայաստանի օր», որի ընթացքում հնարավորություն կտրվի համապատասխան տուրիստական շրջանակներում ներկայացնել նաև Հայաստանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև ավստրիական փորձը` գործատուներին և խոշոր տնտեսվարողներին մասնագիտական կրթության մեջ ներգրավելու տեսակետից, որը կարող է հետաքրքիր լինել նաև Հայաստանի համար:
Ավստրիա կատարած այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել նաև Մխիթարյան միաբանության գրասենյակում. նախարարը ծանոթացել է Մխիթարյան միաբանության հարուստ մշակութային ժառանգությանը, մասնավորապես, միաբանության արխիվներին և ցուցահանդեսին: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել դասագրքերով աջակցել Մխիթարյան միաբանության ուսումնական հաստատություններին:
Մելք աբբայություն կատարած ացելության ժամանակ նախարարը ծանոթացել է տեղի հարուստ գրադարանին և արխիվներին, այդ թվում նաև` Հայաստանին վերաբերող և հայերեն լեզվով գրականությանը:
Ավստրիայում ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիպել է նաև տեղի հայկական համայնքի հետ. այդ առիթով դեսպանատունը կազմակերպել էր ցուցահանդեսի բացում և ընդունելություն, որի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել նաև Վիեննայում գործող Հ. Շիրազի անվան կիրակնօրյա դպրոցի տնօրենի հետ, որի ընթացքում քննարկվել են դպրոցի` դասագրքերով ապահովման և այլ խնդիրներ:
Այցի ավարտին Ա. Աշոտյանը Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարար Կլաուդիա Շմիդտին և կրթական ծրագրերի գլխավոր տնօրենին հրավիրել է պատասխան այցով ժամանել Հայաստան:












