Համագործակցության նոր եզրեր` ներառական կրթության ոլորտում
2010-01-27
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն այսօր ընդունեց Նորվեգիայի կրթության և հետազոտությունների նախարարության կրթության և վերապատրաստումների դեպարտամենտի գլխավոր տնօերենի տեղակալ տիկին Քերի Բրուստեդին և Նորվեգիայի հատուկ կրթության աջակցման համակարգի ռեսուրս կենտրոնի տնօրեն Այնար Քրիստենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Նորվեգիայի և Հայաստանի Հանրապետության միջև ներառական կրթության զարգացման ուղղությամբ հնարավոր համագործակցության եզրերը:
Նախարարի տեղակալը ներկայացրեց հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներառական կրթության ներդրման գործընթացը, ինչպես նաև նշեց, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրներն ամրագրված են համապատասխան օրենքներում: Ներառական կրթություն իրականացնելու համար պարտադիր պայման է դպրոցներում համապատասխան տեխնիկական պայմանների, ինպես նաև հատուկ մանկավարժի և հոգեբանի հաստիքների առկայությունը: Ա. Ավետիսյանը նշեց, որ ներկայումս ՀՀ-ում գործում է ներառական կրթություն իրականացնող 49 դպրոց, որոնցում ներգրավված է շուրջ 1000 աշակերտ: Ներառական կրթության ոլորտում իրականացված գործընթացներում նախարարի տեղակալը կարևորեց ինչպես պետբյուջեի հատկացումները, այնպես էլ միջազգային և տեղական կազմակերպությունների ներդրումները: Այս համատեքստում նա բարձր գնահատեց սոցիալական գործընկերության դերը` անդրադառնալով, մասնավորապես, «Առաքելություն Արևելք» և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների կատարած աշխատանքներին:
Քերի Բրուստեդը ներկայացրեց Նորվեգիայի կառավարության փորձը` Վրաստանում ներառական կրթության ներդրման ուղղությամբ, ինչպես նաև այն հիմնական ծրագրերը, որոնք կարող են իրականացվել Հայաստանում:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց սեղմ ժամկետներում կազմել համագործակցության ծրագրերի նախագիծ:












