Փոխըմբռնման հուշագիր

2009-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փետրվարի 6-ին կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր`  Նորվեգիայի կառավարության կողմից ‎‎ֆ‎ինանսավորվող «Միասին ապրել, միասին սովորել» եռամյա ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը:  

Բ. Եսայանը, ողջունելով ներկաներին, գնահատեց հուշագրի կարևորությունը: Նա տեղեկացրեց, որ այժմ հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող  31 դպրոց: Հուշագիրը հնարավորություն կտա երեք տարվա ընթացքում Տավուշի մարզի բոլոր դպրոցները կներգրավել ներառական կրթություն իրականացնող  ուսումնական հաստատությունների ցանցում: «Ներառական կրթությունը հավասար պայմաններ է ստեղծում բոլոր երեխաների համար` հասարակությունն առավել հանդուրժող, բաց, ինչու չէ նաև մարդասիրական դարձնելու համար», -նշեց նախարարի տեղակալը:
Կիմ Հարցները իր խոսքում ևս ողջունեց ծրագիրը` այդ գործում կարևորելով նաև միջազգային և հասարակական կազմակերպություների աջակցությունը: Նա անդրադարձավ ծրագրի հիմնական նպատակին, այն է` ստեղծել օրինակելի մոդելներ և մեխանիզմներ, որոնք հավասար հնարավորություններ են տալիս հաշմանդամ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին` ստանալ կրթություն և լիարժեք ներգրավվել համայնքային հարաբերություններում:
Համաձայն ծրագրի` Տավուշի մարզում բոլոր դպրոցներում ներդրվող ներառական կրթության զարգացման մոդելը կկիրառվի ՀՀ մյուս մարզերում և քաղաքներում: Նախատեսվում  է նաև ստեղծել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերման ու գրանցման մեխանիզմներ և  փորձարկել նրանց տվյալների հավաքագրման բազան, որը հիմք կարող է հանդիսանալ ազգային բազայի ստեղծման համար:  
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերապատրաստումներ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ, որը հիմքեր կստեղծի գործընթացի շարունակականության ապահովման համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։