ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./

2009-02-05

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2009-2010 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /5 կրթաթոշակ/ և հետբուհական /3 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ոքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
·        դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
·        դիմում-հարցաթերթիկ,
·        ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
·        ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
·        միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):
·        ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
·        անձնագրի պատճենը,
·        նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված բժշկական տեղեկանք՝ արտերկիր մեկնելու համար,
·        3x4 չափսի 5 լուսանկար,
·        արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
·        ռեֆերատ հայերեն լեզվով,
·        օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2008 թվականի ՀՀ պետական բուհերի ընդունելության քննությունների առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64) մինչև ս/թ. փետրվարի 23-ը /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 2 -ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։