ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2009Թ./
2009-02-05
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2009-2010 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 6 լրիվ կրթաթոշակների իրականացման համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտաական դասարանում և կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
· դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
· դիմում-հարցաթերթիկ,
· հարցաթերթիկ չինական կողմից ներկայացված,
· ինքնակենսագրություն /անգլերեն (CV)/,
· 2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
· միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված,
· անձնագրի պատճեն,
· բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
· 3x4չափի 5 գունավոր լուսանկար,
· արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը, կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն`
· ռեֆերատ հայերեն լեզվով,
· օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությամբ դիմորդներին, ըստ հաջորդականության:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2008 թվականի ՀՀ պետական բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություններ ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգի»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 23.02.2009թ:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 2-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ,
հեռ. 56-23-64, 52-52-07)