Որակյալ կրթություն` կրտսեր դպրոցից
2009-02-05
Մամուլի ազգային ակումբում փետրվարի 5-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանի մամուլի ասուլիսը` «Կրթական բարեփոխումների ընթացքը և ավարտական և միասնական քննություններ» թեմայով: Բ Եսայանը նշեց, որ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները լուրջ արձագանք են գտնում հասարակության բոլոր շերտերի մոտ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք առնչվում է կրթությանը: «Մենք չենք կարող ունենալ զարգացած պետություն, գիտելիքահենք տնտեսություն, եթե կրտսեր դպրոցից սկսած չունենանք որակյալ կրթություն ապահովելու նպատակ»,-համոզված է նախարարի տեղակալը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց ավագ դպրոցի բարեփոխումներին, որը գտնվում է երկրի ղեկավարության հատուկ ուշադրության կենտրոնում. դա է վկայում պետության նախագահի վերջին այցը Երևանի ավագ դպրոցներից մեկը: Բ. Եսայանը տեղեկացրեց, որ այժմ հանրապետությունում գործող 10 ավագ դպրոցների ցանցին հաջորդ ուսումնական տարի կավելանան ևս 42-ը, ապա` 50-ը: Սա ենթադրում է, որ մոտ ապագայում ավագ դպրոցները հասու կլինեն հանրապետության ազգաբնակչության մեծ մասին: Անդրադառնալով գյուղական համայնքներում ավագ դպրոցների խնդրին` նա նշեց, որ գյուղի դպրոցները չեն վերածվի հիմնական դպրոցի. նախատեսվում է գյուղախմբերի համար առանձնացնել մեկ ավագ դպրոց: Նախարարի տեղակալի հավաստմամբ` կատարվում է ավագ դպրոցների ուսուցման ընթացքի ամենօրյա վերլուծություն, որի ընթացքում հստակեցվում են բոլոր ծրագրերը, հաշվի են առնվում մանկավարժական կազմի, ծնողների և աշակերտներ տեսակետները: Առայժմ արդյունքները խիստ հուսադրող են. կա վերաբերմունքի հստակ փոփոխություն: Լուծված է ավագ դպրոցների ավարտական դասարաններում շրջանավարտների բացակայության խնդիրը. գրանցվել է բարձր հաճախելիություն: Աշակերտները համոզվում են, որ դպրոցը տալիս է այն գիտելիքը, որը բավարար է` ուսումը բուհում շարունակելու համար:
Բ. Եսայանն անդրադարձավ նաև ավարտական և միասնական քննություններին: Նա հիշեցրեց, որ այս տարի բուհական ընդունելության քննությունները բոլոր առարկաների գծով անցկացվելու են միասնական համակարգով: Արդեն սկսվել է հայտագրումը, որը կշարունակվի մինչև մարտի 15-ը: Եվս մեկ ամիս կտրվի դիմորդներին` հայտում հնարավոր փոփոխություններ կատարելու նպատակով: Նա հայտնեց, որ գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները պարբերաբար այցելում են հանրապետության դպրոցներ` ընթացակարգի հետ կապված խնդիրներին լուծում տալու նպատակով: Տարվա ընթացքում վերապատրաստվելու է մոտ հազար կազմակերպիչ` քննական գործընթացը սահուն անցկացնելու համար: Այս տարի ԳԹԿ-ն ձեռնամուխ է եղել գիտելիքների ընթացիկ գնահատման գործընթացին: Դեկտեմբերին անցկացված գնահատման վերլուծությունն արդեն պատրաստ է. կատարվել են անհրաժեշտ եզրակացություններ` հատկապես կազմակերպչական հարցերի տեսանկյունից: Գնահատման հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել մարտ ամսին: