Այցելություն ֆիզիկամաթեմատիկական դպրոց
2009-01-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը հունվարի 20-ին այցելեց Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց` ծանոթանալու «Այբ» կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացված ֆիզիկայի և քիմիայի ուսումնական լաբորատորիաներին: Այս լաբորատորիաներն ընձեռում են իրական և վիրտուալ փորձեր կատարելու հնարավորություն, ապահովում դպրոցական և խորացված ուսուցման ծրագրերի իրականացում: Այցի ընթացքում նախարարը մասնակցեց դպրոցում ընթացող դասերին:
Ծանոթանալով լաբորատորիաների տեխնիկական հնարավորություններին` Ս. Սեյրանյանը զրուցեց քիմիական փորձ կատարող աշակերտների հետ, ովքեր մեծ ոգևորությամբ և մանրակրկիտ ներկայացրին տվյալ պահին իրականացվող քիմիական ռեակցիան: Նախարարը, բարձր գնահատելով ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանները, նշեց. «Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ձևավորված ավանդույթներին հավատարիմ, շարունակում է մնալ հանրապետության լավագույն դպրոցների ցանկում` ապահովելով կրթության բարձր որակ: Այստեղ առկա է ուսումնական գործընթացի կազմակերպման հսկայական փորձ, որը պետք է դառնա հանրակրթական բոլոր դպրոցների սեփականությունը»: Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ուսումնական լաբորատորիաների խնդրին` նախարարը վստահեցրեց, որ բոլոր ավագ դպրոցները հագեցված են լինելու ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով, որոնք էլ հիմքեր կստեղծեն ինչպես կրթության որակի բարձրացման, այնպես էլ կրթության ոլորտում առողջ մրցակցության ապահովման համար: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, Ս. Սեյրանյանն այն համարեց ոչ առաջնային` կարևորելով քաղաքական կամքն ու պատրաստակամությունը` սկսված գործընթացները ցանկալի արդյունքի հասցնելու համար: