Համահայկական 4-րդ օլիմպիադան և Հայագիտական գիտելիքների մրցույթը

2009-01-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2009 թվականի հուլիսի 10-17-ը կկազմակերպի արդեն ավանդական դարձած՝ դպրոցականների համահայկական երկու միջոցառում` Հայոց լեզվի և հայ գրականության  4-րդ օլիմպիադան և Հայագիտական գիտելիքների մրցույթը: Ձեռնարկների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները, նպաստել առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաև` ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադային և Հայագիտական գիտելիքների մրցույթին կարող են մասնակցել 14 տարին լրացած և բարձր տարիքի դպրոցականները, հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների սաները, ինչպես նաև` այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Հայոց լեզվի և հայ գրականության օլիմպիադայի աշխատանքային լեզուն կլինի հայերենը: Օլիմպիադայի արդյունքները ամփոփվելու են երկու` հայոց լեզվի գրավոր և հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներովÖ‰
Հայագիտական գիտելիքների մրցույթը կընդգրկի հարցեր հայոց պատմությունից և հայ մշակույթից: Մրցույթին կարող են մասնակցել նաև ոչ հայախոս պատանիներ` իրենց նախընտրած լեզուներով:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթի հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ: Մրցությունն ու մրցանակաբաշխությունը կազմակերպվում են ըստ տարիքային խմբերի:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, վիկտորինաներ, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողների համար սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ: Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և զվարճային միջոցառումներ:
Ձեռնարկներին համահայկական բնույթ հաղորդելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը հայցում և ակնկալում է հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։