ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

2009-01-15

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2009 թվականի հուլիսի 10-17-ը Երևանում միաժամանակ կազմակերպում է դպրոցականների երկու համահայկական միջոցառում` Հայոց լեզվի և հայ գրականության  4-րդ օլիմպիադա և Հայագիտական գիտելիքների մրցույթ:
Ձեռնարկների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները, նպաստել առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաև` ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ: 
Օլիմպիադային և Հայագիտական գիտելիքների մրցույթին կարող են մասնակցել 14 տարին լրացած և բարձր տարիքի անհրաժեշտ իմացություն ունեցող դպրոցականներ:
Մասնակիցներ կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/ սաները, ինչպես նաև` այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Հայոց լեզվի և հայ գրականության օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Օլիմպիադայի արդյունքները ամփոփվելու են երկու` հայոց լեզվի գրավոր և հայ գրականության բանավոր մրցույթների արդյունքներով /տես. Õ™Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի ուղեցույց/:
Հայագիտական գիտելիքների մրցույթն ընդգրկում է հարցեր հայոց պատմությունից և հայ մշակույթից: Մրցույթին կարող են մասնակցել նաև ոչ հայախոս պատանիներ` իրենց նախընտրած լեզուներով /տես. Õ™Հայագիտական գիտելիքների մրցույթի հարցաշար/:
Ցանկության և համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում հնարավորություն է ընձեռվում մասնակցել և' Օլիմպիադային, և' Հայագիտական գիտելիքների մրցույթին:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի կողմնորոշիչ թեմաների ցանկին և Հայագիտական գիտելիքների մրցույթի ամբողջական հարցաշարին կարելի է ծանոթանալ նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական  և Կրթական տեխնոլոգիաների կենտոնի ինտերնետային կայքէջերում:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթի հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ: Մրցությունն ու մրցանակաբաշխությունը կազմակերպվում են ըստ տարիքային խմբերի:
Հայոց լեզվի և գրականության օլիմպիադայի և Հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի և այլ ստեղծագործական մրցույթներ, վիկտորինաներ, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության /տես. Ծրագիր/: Այս մրցույթներում հաղթողների համար սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ:
Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և զվարճային միջոցառումներ:
Հնարավորության դեպքում, ցանկալի է Օլիմպիադայի և Մրցույթի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/  ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Մասնակիցների կազմում կարելի է ընդգրկել նաև համապատասխան օտարազգի պատանիներ: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկից/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության /խմբի/  ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Ձեռնարկներին համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: ՈՒրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Օլիմպիադայի և Հայագիտական մրցույթի ընթացքում մասնակիցների,  ղեկավարների և ուղեկցողների  կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2009թվ-ի հունիսի 10-ը: Մինչև հուլիսի 1-ը հարկ է  ներկայացնել նաև Երևան ժամանելու և Երևանից մեկնելու ժամանակետը և այլ մանրամասնություններ` գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար:
Հայոց լեզվի և հայ գրականության օլիմպիադայի և Հայագիտական  գիտելիքների մրցույթի մասնակիցները Երևանում պետք է լինեն հուլիսի 10-ից ոչ ուշ:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com,   info@edu.am
Կայքէջ. www.edu.am,    www.armedu.am

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։