Աշխատանքների ամփոփում
2008-12-24
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին հանդիպում` նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի դոնոր կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈւ/ ոլորտում 2008 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ՄԿՈւ ծրագրի պատասխանատու Կ. Սիմոնյանը, ինչպես նաև ԱՄՆ խաղաղության կորպուսի, «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, «Մեծահասակների կրթության և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի, Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց իրականացվող պետական քաղաքականությունը, որը միտված է նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացմանը: Նա կարևորեց բոլոր այն կազմակերպությունների գործունեությունը, որոնց շնորհիվ հիմքեր են ստեղծվում աշխատաշուկայի և մասնագիտական կրթության համապատասխանության խնդիրների լուծման գործընթացում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական վարչության պետ Ա. Աղբալյանը ներկայացրեց ՄԿՈւ ոլորտում 2008 թվականի ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները: Նա նշեց, որ մրցութային կարգով ընտրված 12 մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունում իրականացվել են շուրջ 810 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է շուրջ 2 միլիարդ դրամի արժողությամբ նյութատեխնիկական բազայի տրամադրում: Մեծ աշխատանքներ են կատարվել նաև կրթական չափորոշիչների և նոր մասնագիտական ձեռնարկների ստեղծման, դասախոսների վերապատրաստման և այլ ուղղություններով: 2008թ. փետրվարից գործում է ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնը, իսկ դեկտեմբերից` ՄԿՈւ զարգացման ազգային խորհուրդը:
Հանդես եկան նաև դոնոր կազմակերպությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին իրենց կատարած աշխատանքները:
Հանդիպման ավարտին կազմակերպվեց քննարկում` ՄԿՈւ ոլորտում 2009 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների արդյունավետ կազմակերպման և համակարգման նպատակով: