ԹԻՄՍ-ը գնահատել է հայ աշակերտների գիտելիքները

2008-12-24

Կրթական արդյունքների գնահատման միջազգային ընկերակցությունը (International Association for the Evaluation of Educational Achievement) վերջերս թողարկել է իր հերթական զեկույցը «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային գնահատման» (Trends in International Mathematics and Science Study) վերաբերյալ, որին արդեն երկրորդ անգամ մասնակցել է Հայաստանը: Առաջին հետազոտությունն իրականացվել է 2003թ., իսկ երկրորդը` 2007թ., որին մասնակցել է 67 երկիր:

ԹԻՄՍ-ը համապարփակ ուսումնասիրություն է, որն ուսումնասիրում է 4-րդ և 8-րդ դասարանի աշխակերտների ակադեմիական գիտելիքներն ու դրանք կիրառելու հմտությունները: Այսպիսով, հնարավոր է դարձել արդեն երկրորդ անգամ Հայաստանում կրթական արդյունքները համեմատել այլ երկրների հետ, ինչպես նաև երկրի ներսում` ըստ տարածաշրջանների:
Կրթական արդյունքները գնահատելիս որպես նշաձող սահմանվել են գերազանց (625), բարձր (550), միջակ (475) և ցածր (400) շեմերը` համապատասխան միավորներով: Թեստը նպատակ ունի գնահատելու երեխայի իմացությունը, գիտելիքը կիառելու կարողությունը և դատողությունը: Մաթեմատիկայում 4-րդ դասարանի թեստի առաջադրանքների 50%-ը վերաբերվել է թվերին, 35%-ը` երկրաչափական պատկերներին ու չափումներին, 15%-ը` տվյալներին, իսկ 8-րդ դասարանում` 30%-ը` թվերին, 30%-ը` հանրահաշվին, 20%-ը` երկրաչափությանը, 20%-ը` տվյալներին ու հավանականությանը: Ըստ ճանաչողության 4-րդ դասարանում մաթեմատիկայից և բնագիտությունից գնահատվել է իմացությունը, կիրառելու կարողությունը, դատողությունը 40, 40, 20 և 40, 35, 25 տոկոս համամասնությամբ, իսկ 8-րդ դասարանում` 35, 40, 25 և 30, 35, 35 համամասնությամբ:
Հայաստանը մաթեմատիկայից և բնագիտությունից գրանցել է դրական միտումներ, որոնք տեղակայված են www.timss.org վեբկայքում, ինչպես նաև ազգային զեկույցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։