Սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում

2010-04-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Եվրոպական կրթական հիմնադրամի» Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորոդինիին: Վերջին երեք տարիների ընթացքում ԵԿՀ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում իրականացվող գործընթացներին և սոցիալական գործընկերությանը միտված խնդիրներին: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ ամուր հիմքերի վրա է դրված միջազգային համագործակցությունը: 
«Մենք բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության և «Եվրոպական կրթական հիմնադրամի» մասնակցությունը մասնագիտական կրթության ոլորտում ընթացող գործընթացներին:  Միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ երկար տարիներ «անտեսված» միջին մասնագիտական կրթության ոլորտը կարծես երկրորդ կյանք է ստանում»,-նշեց նախարարը` հավելելով, որ կրթական և տնտեսական համակարգերի կապի ամրապնդման խնդիրը դրված է մասնագիտական կրթության բոլոր աստիճաններում, և այս համատեքստում գործնական քայլերի առումով ավելի առաջ է կանգնած միջին մասնագիտական կրթության ոլորտը: «Տնտեսությունը դեռևս ամբողջական և լիարժեք պահանջ չի ձևավորել կրթության նկատմամբ թե մտածելակերպի, թե պահանջարկի տեսանկյունից; Մյուս կողմից, կրթական համակարգի վրա առկա է ժողովրդագրական իրավիճակի ազդեցությունը, որը նվազեցրել է փաստացի դիմորդներ թիվը, և այս համատեքստում ևս խիստ կարևորվում է  շարունակական  կրթության խնդիրը»-, նշեց նախարարը:
Ա. Աշոտյանը մատնանշեց համագործակցության երկու ուղենիշ, որոնք օգտակար կարող են լինել համակարգի հետագա զարգացման համար. խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում մեծահասակների և շարունակական կրթության ապահովմանը: «Այս ուղղությամբ արդեն իրականացվել են որոշակի քայլեր` ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ-ում ցկյանս ուսումնառության հայեցակարգը», սակայն առկա է ինստիտուցիոնալ բարեփոխումների և իրավական դաշտի փոփոխությունների անհրաժեշտություն: Այս նպատակով էլ շուտով նախարարության աշխատակազմում կգործի առանձին բաժին, որը կզբաղվի համապատասխան խնդրի լուծմամբ»,-ընդգծեց Ա. Աշոտյանը: Երկրորդ ուղղությունը, որ նախանշեց նախարարը, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունն է: Այս համատեքստում նշվեց, որ Երևանն ընտրվել է 2010 թ. հունիսի 16-18-ը  Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA)  գլխավոր համաժողովը  հյուրընկալող քաղաք: Ավելին, «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիան նախատեսում է այդ միջոցառումը զուգահեռել երիտասարդների և մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովի հետ, որի համակազմակերպիչներն են հանդիսանում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ: Բացի այդ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ ամռանը տեղի կունենա կրթության շարունակականության խնդիրներին վերաբերող համաժողով: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Բոլոնիայի գործընթացը 2010 թվականի  հուլիսի 1-ից ունենալու է համանախագահների ինստիտուտ, և Հայաստանը Լեհաստանի հետ միասին համանախագահելու է 2011 թվականի երկրորդ կիսամյակում: Ավելին, նշված ժամանակահատվածում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի աշխատանքային նիստն անցկացնել Հայաստանում, ինչպես նաև հայկական կողմը հայտ է ներկայացրել Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի երկրների համար անցկացվող հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Բոլոր նշված գործընթացներում նախարարը «Եվրոպական կրթական հիմնադրամի» ներկայացուցչին առաջարկեց ակտիվ մասնակցություն ունենալ:
«Եվրոպական կրթական հիմնադրամի» Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորոդինին իր հերթին նշեց, որ 2010 թվականին ԵԿՀ-ն իր բոլոր գործընկեր երկրներում և տարածաշրջաններում սկսում է ՄԿՈՒ ոլորտի քաղաքականության և համակարգի դիտարկումների փուլը: Թուրինյան կոչվող գործընթացը միտված է երկրի ներսում կարողությունների հզորացմանը, ՄԿՈՒ համակարգում տիրող իրավիճակի վերլուծությանը, տնտեսության և սոցիալական կայուն զարգացման մեջ վերջինիս ներդրման գնահատմանը: Թուրինյան գործընթացի դիտարկման արդյունքները կքննարկվեն համապատասխան հասարակական և գործընկեր կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ: Տիկին Կորոդինին տեղեկացրեց, որ 2010 թվականին նախատեսվում է իրականացնել ուսումնասիրություն նաև գործարարության և կրթության համագործակցության ոլորտում: Համագործակցության կարևորությունը միտված է գործընկերների հետագա ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև աշխատաշուկան որակյալ աշխատուժով ապահովմանը: Այս տարի ՀՀ մարզերում նախատեսվող սեմինարները կնպաստեն փորձարարական քոլեջների և մյուս ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակմանը: Նախատեսվում է նաև ուսումնական այց Թուրքիա, որի նպատակն է վերլուծել սոցիալական երկխոսության արդյունավետությունը ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես, տուրիզմ մասնագիտության առումով:
Հանդիպման ավարտին նշվեց, որ վերը նշված  գործողությունները սերտորեն կապված են այն բարեփոխումների հետ, որ Եվրամիության աջակցությամբ տրամադրվում են ՄԿՈՒ ոլորտին, և որի ճշգրտման և հստակեցման  փուլին ԵԿՀ-ն ունի անմիջական մասնակցություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։