Վերապատրաստման դասընթացներ

2010-04-13

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» (ՄԿՈՒԶԱԿ) 2008-2010թթ. ընթացքում կազմակերպել է  մասնագիտական պետական կրթական 56 չափորոշչի մշակում, ևս 5-ը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում:
Չափորոշիչները փորձաքննության են ենթարկվել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովող մասնակցային մոտեցման կիրառմամբ` ապահովելով սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում, որից հետո հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և պետական գրանցում ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Մշակված 61 չափորոշիչների հիմքում դրված է մոդուլային ուսուցման  սկզբունքը, որը միտված է ուսումնառության արդյունքին և ուսանողների կարողությունների ձևավորմանը:
Նոր չափորոշիչների հիման վրա` ուսուցման կազմակերպման առանձնահատկությունների ուսուցանման նպատակով, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ: Երևանի և մարզերի 49 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն այդ դասընթացները, որոնց կմասնակցեն 85 քոլեջի և արհեստագործական ուսումնարանի շուրջ 1200 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ:
Դասընթացների տևողությունը մոտ 3 ամիս է:
Դասընթացները կիրականացնի ՀՀ ԿԳՆ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»` Եվրամիության Հայաստանին տրամադրված բյուջետային աջակցության շրջանակում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։