«ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-12-24
ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870 –Ն որոշման N1 հավելվածի 32-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել
1) գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները և չափանիշները՝ համաձայն N1 հավելվածի
2) գիտական կենտրոնների ձևավորման կարգը` համաձայն N2 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2008 թվականի
_______’’___’’ N ___- Ն որոշման
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1.Գիտական կենտրոնների ձևավորման սույն սկզբունքները և չափանիշները մշակվել են հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները»:
2.Գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է հանդիսանում գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնարար, կիրառական հետազոտությունների և մշակումների արդյունավետության բարձրացումը, գիտության, կրթության ու արտադրության ինտեգրումը:
3. Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներն են.
1) գիտական կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրություն,
2) գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի և տարածքների համատեղ օգտագործում,
3) գիտական ներուժի և վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացում,
4) գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրություն,
5) կառավարման համակարգում ժամանակակից մենեջմենթի ներդրում,
6) ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում:
4. Գիտական կենտրոնների ձևավորման չափանիշներն են.
1) համաապատասխան նյութատեխնիկական բազայի և տարածքների,
2) բարձր որակավորմամբ գիտական աշխատողների և մասնագետների, համալիր ուսումնասիրություն կատարելու կարողության,
3) միջազգային համագործակցության փորձի,
4) մտավոր սեփականության օբյեկտների,
5) գիտական արդյունքների ներդրման փորձի առկայություն:
5. Վերոնշյալ չափանիշները կողմնորոշիչ են գիտական կենտրոնների ձևավորման գործընթցում:
6. Գիտական կենտրոն կարող են ձևավորել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի գի¬¬տական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտաար¬տադրական միավորումներ և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2008 թվականի
_______’’___’’ N ___- Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1.Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գիտական կենտրոններ ձևավորելու կարգը:
2.Գիտական կենտրոններ ձևավորելու գործընթացը համակարգելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) ստեղծում է գիտության պետական կոմիտեի նախագահի նախագահությամբ և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
3.Կոմիտեն հրապարակում է գիտական կենտրոնի ձևավորման հայտի ձևը (այսուհետ` Հայտ):
4.Հայտը կոմիտե է ներկայացվում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև` բուհերի, գիտաարտադրական միավորումների և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից:
5.Հիմք ընդունելով գիտական կենտրոնի ձևավորման սկզբունքները և չափանիշները Հանձնաժողովը եռամսյակը մեկ անգամ քննարկում է Հայտը և տալիս գիտական կենտրոն ձևավորելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն:
6.Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կոմիտեն գիտական կենտրոն ձևավորելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տվյալ տարվա պետական բյուջեով գիտության ծախսերի համար նախատեսված ընդհանուր հատկացումների սահմաններում: