Դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդես
2008-12-19
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ քոլեջի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը մասնակցում էին հանրապետության առաջին տիկին Ռ. Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը, Աժ պատգամավորներ, նկարիչներ, դասախոսներ, ուսանողներ: Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալական խոսքեր ուղղեց թերլեմեզյանականներին, որոնց կերտած քանդակները զարդարում են Երևանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը տարիներ շարունակ համարվում է այն դարբնոցը, որտեղից իրենց ստեղծագործական ուղին են սկսել մեր ժամանակի ճանաչված ստեղծագործողները: Արդեն կոչում է դարձել լինել թերլեմեզյանական, որի վառ ապացույցն արդեն ավանդական դարձած այսօրինակ ցուցահանդեսներն են»: Քոլեջի տնօրեն Ն. Առուշանյանն անդրադարձավ քոլեջի անցած ուղուն, կարևորեց, որ դասախոսները համատեղում են ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը: Ցուցահանդեսը ստեղծագործող դասախոսների յուրօրինակ հաշվետվություն էր ինչպես ներկաների, այնպես էլ իրենց ուսանողների առջև: Քոլեջի ուսանողական խորհուրդն անակնկալ էր պատրաստել հանրապետության առաջին տիկնոջ համար. նրան նվիրեցին ուսանողների պատրաստած գոբելենը:
Ցուցահանդեսն այցելուների համար կաշխատի մինչև դեկտեմբերի 27-ը:












