Անաղարտ մայրենիի տասնօրյակ

2008-11-19

Ժուռնալիստների միությունում այսօր կայացավ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Լ. Միրզոյանի մամուլի ասուլիսը: Տեսչության պետը տեղեկացրեց, որ նոյեմբերի 20-ից ՀՀ-ում հայտարարվում է   անաղարտ մայրենիի պահպանման տասնօրյակ` «Հայոց լեզուն տունն է հայուն» խորագրով:Անդրադառնալով լեզվական քաղաքականության վիճակին` Լ. Միրզոյանը նշեց, որ հրապարակային գրվածքների լեզուն խիստ մտահոգող է: Օտարալեզու, ինչպես նաև ուղղագրական և կետադրական կոպիտ սխալներով գովազդային վահանակների, պաստառների, ցուցանակների 200 դեպք է արդեն արձանագրվել, որոնք չեն համապատասխանում «Լեզվի մասին» օրենքի պահանջներին:

«Մայրենիի անաղարտության համար պայքարը համաժողովրդական խնդիր է, այն յուրաքանչյուր հայի խնդիրն է, և լեզվի պետական տեսչությունը, փաստացի, ազգային անվտանգության խնդիր է իրականացնում»,- շեշտեց տեսչության պետը: Լ. Միրզոյանն անդրադարձավ նաև գնապիտակների և ՀՀ ներկրվող ապրանքների վրա հայերեն թարգմանության բացակայության խնդրին:
Բարձրացված խնդիրների լուծման գործընթացում լեզվի պետական տեսչությունն ակնկալում է հասարակության և լրագրողների աջակցությունը: Այդ նպատակով տեսչությունում կգործի  26-68-60 հեռախոսահամարով թեժ գիծ, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են արտահայտել իրենց մտահոգությունները: Լ. Միրզոյանը նշեց, որ տասնօրյակի շրջանակներում կազմակերպվող ստուգայցերին կարող են մասնակցել նաև լրագրողները:
Առաջին շրջայցը Երևանի տարբեր համայնքներ կկազմակերպվի նոյեմբերի 20-ին, ժամը 1100-ին լեզվի պետական տեսչությունից /Կիևյան 16/:


 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։